«Հայաստանը խեղդող ռուսական էներգետիկ կոնցեռնները նույնպես ԱՄՆ-ի խաղատիկնիկներն են». Տիգրան Խզմալյանի հերթական հարցազրույցը Haqqin.az-ին

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, որտեղ մեկնաբանել է Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը:

«Ընդունված է ասել, որ հայ ժողովուրդը չի ընդվզում սոցիալական խնդիրների պատճառով՝ իր ուժերը մոբիլիզացնելով միայն ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում: Հենց այդ տեսությունն է ընկած երկար տարիների թալանի ու կոռուպցիայի հիմքում»,- հայտարարել է Խզմալյանը:

Haqqin.az-ը գրում է, որ «ինչպես և բոլոր հայերը, այնպես էլ Խզմալյանը սարսափած է, որ վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է 400%-ով, իսկ գազը «Գազպրոմի» դուստր ընկերության միջոցով վաճառվում է 40%-ով ավելի թանկ, քան անգամ պատերազմող Ուկրաինայում»:

«Այդ ֆոնին ռուսական ԶԼՄ-ների սուտ հորինվածքները «Վաշինգտոնի ձեռքի» մասին թվում են առավել ցինիկ ծաղր: Հարկ է ենթադրել, որ Հայաստանը խեղդող ռուսական էներգետիկ կոնցեռնները նույնպես ԱՄՆ-ի խաղատիկնիկներն են: Եթե լուրջ, ապա անցած գիշեր Երևանի իրադարձությունները դարձան 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնության տեսարանների մռայլ արտացոլանքը:

Ոստիկանների հայկական համազգեստը միայն խորացրեց այդ աղմկոտ զուգահեռը երիտասարդներին ջրցան մեքենաներով ու մահակներով ցրելիս»,- նման կարծիք է հայտնել Խզմալյանը:

Նրա կարծիքով՝ բնութագրական է, որ երեկվա բողոքի ցույցին գրեթե չեն մասնակցել քաղաքական կուսակցություններ ու շարժումներ՝ բացառությամբ Պարույր Հայրիկյանի:
«Նրա կողմնակիցները եկել էին Եվրամիության դրոշներով, սակայն սուլոցներով էին դիմավորվել ԿԳԲ-ի գործակալների կողմից, որոնք անում էին ամեն ինչ, որ սոցիալական բողոքները չվերածվեն քաղաքականի»,-ասել է կինոռեժիսորը:

Տեսանյութեր

Լրահոս