«Իշխանություններն այդպիսով ասում էին՝ մեր դեմ խաղ չկա, իմաստ չունի պայքարել մեր դեմ». Վարդան Հարությունյան

«Ոչ միայն այս միջոցառման ժամանակ, այլև սրանից առաջ եղած բոլոր հասարակական, քաղաքական միջոցառումների, ակցիաների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործել է օրենքից դուրս: Միջոցառումները եղել են օրինական, միջոցառման մասնակիցներն օրենք չեն խախտել, նրանց գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, և, եթե որևէ մեկն օրենք է խախտել, և երեկվա դեպքով, և երեկվանից առաջ եղած դեպքերով, ապա դա Հայաստանի Հանրապետության իշխանություններն են:

Առաջին հերթին՝ պետք է շեշտենք իշխանություններին, հետո՝ Ոստիկանությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան ցրելու ընթացքում Ոստիկանության գործողությունների մասին:

Մեր հարցին, թե ինչո՞վ է նա պայմանավորում Ոստիկանության նման գործողությունները, Վարդան Հարությունյանը պատասխանեց.

«Դեռ 2003-2004թթ. սկսած՝ իշխանությունները մեկ կարևոր խնդիր են լուծում՝ վախ և սարսափ տարածել հասարակության մեջ, որպեսզի մարդիկ իրենց բառերով, տերմինոլոգիայով ասած՝ հասկանան, որ իրենց դեմ խաղ չկա: Սա է: Եվ այդ համատեքստում պետք է դիտարկել այս վերջին 10-15 տարվա բոոր զարգացումները:

Այս անգամ էլ նույն խնդիրն էին լուծում՝ փորձում էին իրենց գործողություններով երիտասարդների մեջ, ցույցի մասնակիցների մեջ տարածել այն մտայնությունը, որ մեր դեմ խաղ չկա, և իմաստ չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, իմաստ չունի պայքարել մեր դեմ, մենք ունենք բանակ, ունենք Ոստիկանություն, ունենք զենք, ունենք ջրցան մեքենաներ, իսկ դուք, քանի դեռ շարունակում եք գործել օրենքի շրջանակներում, ծեծ եք ուտելու և կալանավորվելու եք»:

Տեսանյութեր

Լրահոս