Իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում հարևանին սպանելու մեջ մեղադրվողը ցուցմունք կտա
Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Անդրանիկ Պարսամյանի գործի քննությունը:
Դատարանում տուժողի քույրը, ով նրա իրավահաջորդ է ճանաչվել, քաղաքացիական հայց ներկայացրեց մոտ 880 հազար դրամի չափով, որում ներառված էին հուղարկավորության հետ կապված ծախսեր: Տուժողի իրավահաջորդն ասաց նաև, որ դեպքից հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և դեղերը մինչև օրս ինքն է գնում՝ նշելով, որ ցանկանում է՝ իր պահանջը բավարարվի:
Դատարանում հետազոտվեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցները, այդ թվում՝ տուժող Անդրանիկ Պարսամյանի հագին եղած հագուստները, ամբաստանյալ Արթուր Ազատյանի հագուստները, նրա եղունգների կտրվածքները, մահճակալի ծածկոցը, անձեռոցիկ, դանակ:
Դատարանում ամբաստանյալ Արթուր Ազատյանը ցանկություն հայտնեց ցուցմունք տալու, ինչպես նաև՝ քաղաքացիական հայցին ծանոթանալու, ցուցմունքով վերջնական դիրքորոշում հայտնելու: Ամբաստանյալին դրա համար ժամանակ տրամադրվեց, և դատական նիստը հետաձգվեց:
Նշենք, որ Արթուր Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկ Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին: