Եվրոպայում մահացել է MERS-ով վարակված առաջին հիվանդը
Գերմանիայում մահացել է մերձավորարևելյան շնչառական համախտանիշով (MERS) վարակված առաջին հիվանդը՝ 65-ամյա մի տղամարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տղամարդը, որը բնակվում էր Գերմանիայում, հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 6-ին: Նա մահացել է հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից:
Հայտնի է, որ նա փետրվարին հանգստանալու է գնացել ԱՄԷ, սակայն թե ինչ եղանակով է վարակվել, չի հաղորդվում:
Գերմանիա վերադառնալուց հետո նա հոսպիտալացվել էր, սակայն մայիսին նրան տուն էին ուղարկել՝ ենթադրելով, թե հիվանդին հաջողվել է բուժվել:
Վարակման առաջին դեպքերը գրանցվել էին Սաուդյան Արաբիայում 2012թ. հունիսին:
Հաղորդվում էր, որ վարակի կրողները ուղտերն են: Ներկայում հիվանդության բռնկում է գրանցված Հարավային Կորեայում, որտեղ MERS-ից մահացել է արդեն 19 մարդ: