Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հացադուլ են սկսել
Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը «Վարդաշեն» ՔԿՀ֊ում հացադուլ են սկսել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրանք պահանջում են իրենց առանձին խուց տեղափոխել։ Շահեն Հարությունյանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել է հունիսի 8-ին, ում երեկ միացել է նաև Վարդան Վարդանյանը:
«Այս հինգ օրերի ընթացքում, նրա (Շանթ Հարությունյանի) հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չի կատարվել, և, հորս դիմումի համաձայն, նա տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց»,- գրում է Շահեն Հարությունյանը։