«Ես չեմ գտնում, որ Բիբինն էդքան բոբո ա, որ մենք չենք կարողանում իրա խնդիրը լուծել… Բիբինը էդ ո՞վ դառավ»
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 3 անգամ դիմել է ու գրավոր ներկայացրել է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին հրավիրելու էլեկտրաէներգիայի թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներին: Վ.Այվազյանը հայտարարեց, որ Բիբինը հստակ ներկայացրել է, որ ելնելով՝ «այ էս-էս հանգամանքներից՝ նպատակահարմար չի»:
«Ինքը կազմակերպություն է, որ իրականացնում է մոնոպոլ ծառայությոն, ես չեմ գտնում, որ Բիբինն էդքան բոբո ա, որ մենք չենք կարողանում իրա խնդիրը լուծել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»:
Նա հրապարակեց նամակը, որում Բիբինը նշել է, որ դիմել են հայտով, որն ամփոփ ներկայացված է կայքում, մանրամասն քննարկվել է ու, հաշվի առնելով, որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է հիմնավորումները, պատրաստել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որոշման նախագիծը, հետևաբար ընկերության մասնակցությունը լսումներին գտնում են ոչ արդյունավետ:
Նշելով, որ շոուի կողմնակից չէ, պրագմատիկ է, Վ.Այվազյանը հայտարարեց, թե Բիբինը չի մեր խնդիրը. «Բիբինը էդ ո՞վ դառավ: Մարդ է, տնտեսվարող է, չի ուզում մասնակցի խորհրդակցությոներին: Մենաշնորհն էլ կարգավորվում է… Դուք ինձնից ավելի լավ քաջատեղյակ չեք, ես էլ տենց պլաստիլին չեմ, տենց հեշտ կոտրվող չեմ»: