3 րոպեում` 1 ոչխար. հայտնի է առաջին փուլի հաղթողի անունը
Մոտ երկու ժամ է, ինչ սկսվել է «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն ու «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընգրկված 9 համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելն է:
«Տաթևի վերածնունդ» ծրագրում ընգրկված յուրաքանչյուր համայնք ունի իր տաղավարը, որտեղ ներկաներին առաջարկում են սեփական արտադրանքը` Սյունյաց աշխարհի համեղ ուտեստներ, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր գորգեր ու կարպետներ և այլն: Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` ինչպես միշտ նշելով, որ մարզպետարանը հետևողականորեն կաջակցի Սյունիքի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Փառատոնի ընթացքում 8 համայնքից ընտրված 9 մասնակիցները 3 փուլերով մրցելու են հաղթողի կոչմանն արժանանալու համար: Առաջին փուլի հաղթողն արդեն հայտնի է. Սեյրան Մկրտչյանը 3 րոպեում հասցրեց անվնաս խուզել ոչխարի բուրդը: Նա նշեց, որ ոչխար խուզելու հմտությունը փոխանցվել է ընտանիքի մեծերից:








