Պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Երբ 1978 թվականին ես ընդունվում էի կոնսերվատորիա, գրեթե բոլոր բաժիններում մրցույթ էր: Մասնավորապես, 10-ից ավելի դիմորդներ հավակնում էին վոկալիստների համար նախատեսված 5 տեղի համար: Ես այն ժամանակ մտածում էի՝ իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ, շատ չի՞:
«Զարգացած սոցիալիզմի» դեպքում նման տրամաբանությունը գուցե ճիշտ էր. մարդիկ ընդունվում էին բուհ՝ մասնագիտություն ստանալու եւ «ժողովրդական տնտեսության» այս կամ այն «ճյուղում» աշխատելու նպատակով: Հիմա «մեզ այդքան երգիչ պետք չէ» արտահայտությունն իմաստ չունի, որովհետեւ ցանկացած մարդ, եթե քննություն է հանձնել, իրավունք ունի ստանալ իր ուզած կրթությունը, իսկ թե ինչ է նա անելու այդ կրթության հետ՝ դա արդեն իր անձնական գործն է:
Հավանաբար, հենց այդ պատճառով հիմա կոնսերվատորիայի ամեն մի կուրսում սովորում է մի քանի տասնյակ երգիչ: Նույնը` կուսակցությունները, թերթերը, կայքերը: Գրեթե ամեն օր կարելի է լսել, որ դրանք շատ են, որ մեզ այդքան պետք չէ, որ դրանց մեծ մասն անորակ է, որ մեր փոքր հանրապետությունում այդքան շատ չեն կարող լինել եւ այլն: Այդ ամենն, իհարկե, մասամբ ճիշտ է: Մասնավորապես, կուսակցությունների մեծ մասի բոլոր անդամներին կարելի է տեղավորել երթուղային տաքսիի մեջ` առանց որեւէ մեկին ոտքի վրա թողնելու: Ի դեպ, դա հակասում է օրենքին, որը որոշակի քանակական եւ կառուցվածքային պահանջներ է դնում կուսակցությունների առաջ:
Բայց սա այն դեպքն է, երբ սխալ է օրենքը, ոչ թե իրականությունը: Ի՞նչ է պատահել` թող լինի 3 հոգանոց կուսակցություն եւ գործունեություն ծավալի իր ազդեցությանն ու հեղինակությանը համապատասխան: Եթե այն կա, ուրեմն, ինչպես ասում են, դա ինչ-որ մեկին պետք է: Կայքերը` նույնպես: Դրանք կարող են ունենալ քիչ այցելուներ, բայց ինչ-որ մեկին լինել հետաքրքիր: Կարող են ունենալ շատ այցելուներ եւ ամեն նյութի վերնագրում գրել` «սկանդալ», «սենսացիա», «այս տեսագրությունը պայթեցրել է համացանցը» եւ այլն: Թող լինեն ե՛ւ այսպիսի, ե՛ւ այնպիսի, ե՛ւ զանազան այլ կայքեր: Ի՞նչ է նշանակում` մեզ այդքան կայք պետք չի: Ու ինչ-որ մեկը ինչ-որ չափանիշներով պետք է դրանց քանակը սահմանափակի՞: Ես չեմ հավատում որեւէ մեկի չափանիշների անաչառությանը: Վերապահում անեմ` խոսքը ոչ պետական կառույցների մասին է»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: