«Ոնց որ թե Տիգրան Խաչատրյանից ուշադրությունը փոքր ինչ շեղվել է». Փաստաբանը՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին
Փաստաբան Հայկ Ալումյանը չի կարծում, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցները կարող են բարդել Բուդաղյանների վրա: «Բոլորը տեսնում են, որ Բուդաղյաններն ընտրել են օրենքի ճանապարհը: Ունենալով, իհարկե, բոլոր հնարավորություններն այլ ճանապարհով գնալու՝ իրենք գիտակցաբար ընտրել են հենց օրինական ճանապարհը, և ես իրենց հետ բոլոր զրույցներում և հանդիպումներում համոզվել եմ, որ իրենք ուրիշ ճանապարհ պարզապես չեն տեսնում: Եվ ես կարծում եմ, որ ովքեր գործը քննում են, նրանք այդ ինֆորմացիան պետք է որ ունենան, որ Բուդաղյաններին հետաքրքրում է միայն օրինական ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբանը:
Որպես իրավաբան կարծիք հայտնելով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա հնչած կրակոցների դեպքի մասին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Ինձ համար ուղղակի շատ տարօրինակ է այդքան կրակոցների պայմաններում որևէ մեկին վնաս պատճառված չլինելը: Եվ ես նաև մտածում եմ, որ եթե այդ դեպքը չլիներ, այսօր մամուլի կողմից ամենաքննարկվող ինֆորմացիան, որը պիտի լիներ, իհարկե, Տիգրան Խաչատրյանի մասնակցությունն է ամսի 12-ի դեպքերին: Եվ քանի որ այսօր ունենք այդ հաջորդ դեպքը, ոնց որ թե Տիգրան Խաչատրյանից ուշադրությունը փոքր ինչ շեղվել է: Ես չգիտեմ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված: Ես չեմ ուզում գնահատել»:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, գտնվել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ: