Ի՞նչն է ստիպել Սարգիս Գրիգորյանին նկարահանվել այդքան քննադատված «Սպանել 15 րոպեում» ֆիլմում
Օրերս կայացավ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան, որի վերջին հատվածում խաղում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ Դերասանի ներկայությամբ հուշում եղավ, որ սպասվում է ֆիլմի երկրորդ մասը, թեև չի կարելի ասել, որ առաջին մասը ջերմ ընդունելության է արժանացել։ Բուռն քննադատության արժանացան ֆիլմի թե՛ սցենարը, թե՛ ռեժիսորական աշխատանքը, թե՛ մարտական տեսարանների անտրամաբանական լուծումները, թե՛ դերասանական խաղը։
BlogNews.am-ը Սարգսի հետ զրուցեց ֆիլմում իր մասնակցության մասին, քանի որ, կայքի տեղեկություններով, նա բավականին խիստ է մոտենում դերերի ընտրությանը։ Դերասանից տեղեկացանք, որ դեռ չի դիտել ֆիլմը և չի կարող կարծիք հայտնել։
Սարգիսը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մերժել է նկարահանվելու առաջարկները, քանի որ ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով, դերասանական կազմով, երբեմն էլ՝ զբաղվածության պատճառով. այս դեպքում մեծ դեր են խաղացել ընկերական հարաբերությունները։
«Էդգարն իմ ընկերն է (նկատի ունի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Էդուարդ Փոռեյանին, հեղ.), նա բավականին մեծ ցանկություններ ունի, և նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եթե հաջորդ ֆիլմը լինի, անպայման ես կնկարահանվեմ»,- ասաց նա ու հավելեց, որ մոտավոր գիտի՝ ինչպիսին են լինելու երկրորդ մասի սցենարական զարգացումները։ Ըստ Սարգսի՝ մի վատ ֆիլմը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իր հեղինակության վրա, քանի որ ինքն իր գործն արդար է անում։
Դերասանի փոխանցմամբ՝ երկրորդ մասը նախատեսվում է նկարահանել Հայաստանից դուրս՝ Եգիպտոսում կամ Դուբայում։ «Ուրախ եմ, որ նաև ինձ հետ է հաշվի նստելու, և ես կփորձեմ տալ իմ խորհուրդները։ Նա շատ կարևոր մի հատկանիշ ունի. միշտ լսում է այն մարդկանց կարծիքները, ովքեր այս ամենից մի քիչ գլուխ են հանում»,- ասաց դերասանը։
Անդրադառնալով քննադատություններին, որոնք հնչում են ֆիլմի վերաբերյալ՝ Սարգիսն ասաց, որ ինքը կօգնի, որպեսզի Էդուարդը պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավորիս քիչ սխալ անի, չշտապի, ավելի շատ նախապատրաստական աշխատանքներ տանի։ «Ուզում եմ լավ լինի ցանկացած ֆիլմ, որտեղ ես խաղում եմ։ Կարծում եմ՝ մարդկանց պետք է օգնել։ Ժամանակին, երբ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օր ես հայտնի եմ դառնալու, ինձ էլ են օգնել։ Պետք է օգնել մարդկանց, որպեսզի բարձունքների հասնեն։ Իհարկե, խոսքն անընդհատ սխալվելու մասին չէ։ Սա առաջին քայլն էր, փորձեցի օգնել Էդուարդին, եթե նա նախաձեռնի մյուս ֆիլմը, անպայման խնդիրներ կդնեմ իր առաջ, որը կօգնի նաև իր ֆիլմին»,- ընդգծեց դերասանը՝ հավելելով, որ հիմա նաև մի ուսանողի դիպլոմային աշխատանքում է նկարահանվում։
Դերասանը հայտնեց, որ այժմ նկարահանվում է 3 նոր ֆիլմում, որոնց մասին խոսել առայժմ չի կարող, միայն կարող է նշել, որ 3 ֆիլմում էլ տարբեր կերպարներով է ներկայանալու։
Ինչ վերաբերում է քննադատություններին, որոնք հնչում են «Բախտաբեր» հեռուստասերիալի, հատկապես՝ սցենարի վերաբերյալ, Սարգիսն ասաց, որ սերիալն այնպիսի ձևաչափ է, որը ենթադրում է սցենարական գծի ուժեղացում և թուլացում. «Մեր դերասանական կազմով փորձում ենք այնպես անել, որ եթե նույնիսկ թույլ պահեր են լինում, շտկենք»։
Հարցին՝ որպես հեռուստադիտող իր համար հետաքրքիր կլինե՞ր այս սերիալը, նա արձագանքեց, որ ինքը սերիալի հեռուստադիտողների թիրախային խմբի մեջ չի մտնում։ «Ես չեմ կարող ասել՝ որպես հեռուստադիտող մեր սերիալն ինձ կհետաքրքրե՞ր, թե՞ ոչ։ Հաճախ ուրիշներն ավելի շատ բան գիտեն մեր սերիալի մասին, քան ես, որովհետև շատ դեպքերում ես չեմ հասցնում հետևել։ Սա համարում եմ աշխատանք, որը կատարում եմ, բայց, ցավոք, չեմ հասցնում վերլուծել։ Ես գործ եմ անում, որը չեմ ուզում փնովել, լավ է ստացվում, թե՝ վատ, թող հետուստադիտղը որոշի»,- եզրափակեց դերասանը։
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը