Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը։
Ողջունելով ներկաներին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախ կարևորել է բժշկական գիտությունների դերը՝ բուժսպասարկման որակի բարձրացման առումով։

Այնուհետև նախարար Քուշկյանը ներկայացրել է Արցախում առողջապահության ոլորտում վերջին տարիներին գրանված առաջընթացն ու առաջիկա անելիքները, այդ համատեքստում կարևորելով համագործակցությունը Երևանի և արտասահմանի առաջատար մասնագետների հետ։

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում Ստեփանակերտում կստեղծվի ուռուցքաբանական կենտրոն, որի մասնագետները վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում։

Նախարար Քուշկյանը հավաստիացրել է, որ կարճ ժամանակահատվածում Արցախում կմատուցվեն լիարժեք բժշկական ծառայություններ։
Նիստի աշխատանքները բացել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը:
Անդրադառնալով ժամանակակից բժշկության ոլորտի տեղաշարժերին, զարգացումներին ու բժշկագիտության առջև դրված խնդիրներին, Լևոն Մկրտչյանը արցախցի բժիշկներին հորդորել է նյութատեխնիկական և ինտելեկտուալ ամբողջ ներուժը ախտորոշմանը նպատակաուղղելու հետ միաժամանակ քարոզել առողջ ապրելակերպի և կանխարգելիչ միջոցառումների մասին։

Այնուհետև նիստն սկսել է իր աշխատանքները, որի ընթացքում Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի անվանի գիտնականներն իրենց գործընկերներին են ներկայացրել «Օրգանային ախտաբանությունը երկարատև ճնշման համախտանիշի ժամանակ», «Դատական բժշկության արդի հարցերը», «Ընտանեկան բժշկության դասավանդման համակարգը ԵրՊԲՀ-ում», «Լեզվի և շրթունքների հիվանդություններ», «Թերմոբալանսային թերապիան ուրոլոգիայում», «Պարբերական հիվանդության կլինիկան և ախտորոշումը», «Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման հարցերը», «Նորույթը աչքի հիվանդությունների բուժման մեջ» թեմաները:

Տեսանյութեր

Լրահոս