Բաժիններ՝

Սամվել Հարությունյանը՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին

«Ես հստակ վերջնական որևէ բան չեմ կարող ասել՝ ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ էլ բացառել որևէ վարկած»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ս. Հարությունյանը տարբեր բողոքներ էր ներկայացրել դատարան Սուրիկ Խաչատրյանի դեմ:

Նրա խոսքով՝ այն տեղեկությունները, որ հրապարակվել են մամուլով, թույլ են տալիս կասկածելու, որ սա կանխամտածված, ծրագրված մահափորձ էր. «Այսինքն՝ այն, ինչ փորձում է ներկայացնել Քննչական կոմիտեն, որը քրեական գործ է հարուցել քրեական գործի՝ մահափորձի հատկանիշներով: Բայց տեսնելով այն ավտոմեքենայի լուսանկարները, որի վրա բազմաթիվ անցքեր կան, կրակոցի հետքեր կան, ուղղակի շատ զարմանալի է, որ այդքան կրակոցներից որևէ մեկը՝ այդ մեքենայի փոքրիկ սալոնի մեջ գտնվող 3 անձանց որևէ մեկին որևէ քերծվածք ու վնասվածք չի պատճառել, ինչը շատ լուրջ կասկածներ է առաջացնում: Վերջին հաշվով՝ եթե դա իսկապես լիներ պլանավորված, նախապատրաստված և սառնասրտորեն իրականացված մահափորձ, ամենայն հավանականությամբ, պետք է որ թիրախում հայտնված անձը և մյուսներն ինչ-որ վնասներ ստացած լինեին, ինչը չկա»:

Հարցին՝ Ձեզ համար ամենահավանական վարկածը ո՞րն է, Ս. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ շտապի այդ առումով որևէ բան ասել, կարծում եմ՝ Քննչական կոմիտեն կամ նախաքննող մարմինը պետք է փորձի սեղմ ժամկետում շատ արագ իր առաքելությունը կատարի և վերջապես ապացուցի, թե ինչ է տեղի ունեցել իրականում և, որ դա լինի համոզիչ: Հաշվի առնելով նախընթաց բազում դեպքերը՝ շատ եմ կասկածում, որ թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ առհասարակ մյուս իրավապահ մարմինները կգնան դրան»:

Հարցին էլ՝ եթե գործը չբացահայտվի, դա արդյոք կնշանակի՞, որ, ինչպես շատերն են նշում, հենց իրենք են կազմակերպել այդ հարձակումը, Ս. Հարությունյանը պատասխանեց, որ՝ անշուշտ, շատերը դրանում կկասկածեն. «Դրա համար ճիշտ կլինի, որը գործը բացահայտվի: Օրը ցերեկով է եղել այդ դեպքը, եթե իսկապես այն մահափորձ է, ապա նախաքննություն իրականացնող մարմինը պետք է իսկապես ապացուցի, որ այդպես է, որպեսզի որևէ մեկը չկասկածի դրանում: Եթե չկարողանան բացահայտել, ապա ոչ միայն մեկը, այլև բոլորն իրավունք կունենան կասկածելու, որ այդպես է եղել»:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ հաշվի առնելով, որ Դուք բազում բողոքներ եք ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի դեմ, Ձեզ Քննչական կոմիտեից հարցաքննության չե՞ն կանչել, Ս. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ոչ, վերջին հաշվով՝ ամենքին է հայտնի, որ իմ զենքն իմ խոսքն է, որը իմ կողմից ներկայացված փաստերն են, և, ցավալիորեն, մինչև օրս իմ կողմից ներկայացված համոզիչ, ճչացող փաստերի հետ կապված՝ որևէ արդարացի մոտեցում իրավապահ համակարգի կողմից չի եղել, և անտեսել են իմ կողմից հրապարակված այդ բոլոր փաստերը: Առայժմ ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել որևէ մեկն իմ հրապարակած փաստերի առնչությամբ, ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև ինձ են կանգնեցրել դատարանի առաջ, որ իբր զրպարտել և վիրավորել եմ Սուրիկ Խաչատրյանին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս