Բաժիններ՝

Դուք կոծկել եք այդ արյունալի միջադեպի փաստերը. Նիկոլ Փաշինյանը` ՀՀ գլխավոր դատախազին

Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունը կոծկելու մեջ:

«Այն ժամանակ լինելով զինվորական դատախազ և վերահսկելով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործը՝ դուք կոծկել եք այդ արյունալի միջադեպի փաստերը, որոնք ցույց էին տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է Լիսկան: Այն ժամանակ դուք այդ փաստերին որևէ կերպ չանդրադարձաք: Ես ընդունեցի հարցի հրապարակային քննարկման ձեր հրավերը՝ առաջարկելով այն անցկացնել ուղիղ եթերով, հետո հաղորդագրություն տարածեցիք, թե հրապարակային քննարկում ասելով՝ նկատի ունեք այն քննարկումը, որին մասնակցում են երեք հոգի ինչ-որ կաբինետում նստած: Մինչ օրս դուք իմ բերած փաստերը հերքող որևէ փաստ չեք ներկայացրել: Հետևաբար, ես պաշտոնապես ասում եմ ու պնդում 2013 թ. հոկտեմբերի 1-ի իմ ելույթի բոլոր դրույթներն առանց բացառության: Եթե ունեք հերքող հակափաստարկներ, հրապարակեք, եթե չունեք, պիտի ուղղակի հրաժարական տաք»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ Կոստանյանն անձնական պատասխանատվություն է կրում վերջին շրջանում Սյունիքում տեղի ունեցող սպանությունների, ահաբեկումների, ծեծի, նաև երեկվա կրակոցների համար:

Գ.Կոստանյանն ընդունեց մարտահրավերը և հայտարարեց, թե պատրաստ է հրապարակային քննարկման լրատվամիջոցների մասնակցությամբ, սակայն առաջադրեց սեփական պայմանները՝ «դուելը» լինելու Փաշինյանի նշած վայրում ու ժամին: Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության հետ կապված Գ.Կոստանյանն ընդունեց իր պատասխանատվությունը ու հայտարարեց, թե այդ որոշումներն այժմ քննարկվում են դատարանում, դատավարությունը բաց է ու հրապարակային, իսկ դատախազության պարզաբանումն առկա է դատական նիստերի արձանագրությունում: Կոստանյանն իր հերթին Փաշինյանին մեղադրեց առաց փաստի հայտարարություն անելու մեջ:

Ս.Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և երիտասարդի տեսողությունից զրկվելու փաստի հետ կապված Կոստանյանը հայտարարեց, որ դատախազի որոշմամբ քր.գործ է հարուցվել, սակայն վկաները չեն ներկայացել հարցաքննության, այդ թվում՝ Տիգրան Խաչատրյանը:

«Երբ ես տեսնեմ, որ դատախազության ներգործության կարիքը կա, ես կմիջամտեմ, դուք այդ մասին կիմանաք»,- խոստացավ Կոստանյանը:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով դատարանը որոշում էր կայացրել գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, սակայն ԱԱԾ-ն չէր իրականացրել դատարանի որոշումը: Կոստանյանի իրավաբանությունն անվանելով «բառադի»՝ պատգամավորը հայտարարեց, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի վերաբերյալ նույնը չեն կարող ասել:

Գլխավոր դատախազը չհամաձայնեց, թե իրավագիտությունը բառադի է, իսկ ԱԱԾ-ն չէր գաղտնալսել տեխնիկական հնարավորություններ չունենալու պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս