Բաժիններ՝

Նաիրիտցիները Լևոն Զուրաբյանից պահանջեցին չքաղաքականացնել իրենց ակցիան

Այսօր Ազգային ժողովի առջև բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Նրանց մոտ իջան պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Ռուստամ Գասպարյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է նաիրիտցիների հարցը բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի առջև: Ըստ նրա՝ ամբողջ մամուլը հեղեղված է «Նաիրիտում» տասնյակ միլիոն դոլարի գողության ու չարաշահումների մասին հրապարակումներով, նաև էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնում իրենց գողացածը փակելու համար, բայց դատախազությունը հետաքննություն չի իրականացնում:

Լ.Զուրաբյանը փորձեց քաղաքականացնել ակցիան ու հայտարարեց, թե նշված խնդիրները լուծում ստանալ չեն կարող, քանի դեռ իշխանափոխություն չի եղել: Ըստ նրա՝ կգա մի օր և իրենք «կքշեն» գործող իշխանություններին: Զուրաբյանը հիշեցրեց 2008 –ի, 2011-ի իրադարձությունները, նշեց, որ այս տարվա փետրվարին էլ էին պատրաստ ԲՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի հետ դուրս գալ փողոց, բայց եղավ այն, ինչ եղավ:

«Իշխանափոխություն» բառն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը և նրանք պահանջեցին չքաղաքականացնել իրենց ակցիան:

Վերադառնալով Նաիրիտի խնդիրներին՝ Լ.Զուրաբյանը հայտնեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված իր նամակի պատասխանը կստացվի վաղը: Համենայն դեպս, Զախարյանը դա խոստացել է Զուրաբյանի հետ հեռախոսազրույցում:

Ողջունելով իրենց իրավունքների համար պայքարի ելած նաիրիտցիներին՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ աեց նրանց շարունակել այդպես միասնական, քանի որ միայն համախմբվելու դեպքում նրանք կարող են իրական արդյունքների հասնել ու «ստիպել Սերժին ընկրկել». «Առանց ձեզ մենք թույլ ենք, ուժ չունենք, քանի դեռ մեր թիկունքին ժողովուրդ չկա: Դուխներդ տեղը պայքարեք, հալալ ա ձեզ»:

Նաիրիտցիները տեղեկացրին, որ կառավարության շենքի առջև հինգշաբթի օրվա երկօրյա նստացույցից հետո որևէ արձագանք չկա: Ցուցարարները պատգամավորներին խնդրեցին այսօր, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Ե.Զախարյանին 2 հարց ուղղել` «Նաիրիտի» բաժնետոմսերի դե յուրե փոխանցումը ՀՀ կառավարությանը և դրանից հետո ամբողջական պարտքի մարում ե՞րբ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս