Արցախում են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակությունները

Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:

Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին և կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև սկզբնավորված բարեկամությունն ու համագործակցությունը` փոխայցելությունների և անմիջական շփումների արդյունքում, ավելի կխորանան ու անպայմանորեն կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը:

Ս. Գրիգորյանը բարձր է գնահատել պարոն Տարոն Մարգարյանի` ոչ միայն Ստեփանակերտի, այլև Արցախի վարչական շրջանների ու քաղաքների հետ սերտ կապեր հաստատելուն, համագործակցության շրջանակներն ընդլայնելուն միտված ջանքերը: Առավել հատկանշական է, որ համատեղ ծրագրերի իրագործման մասնակից են արվում Երևան քաղաքի թվով 8 վարչական շրջաններ, այդ թվում` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները, որոնց պատվիրակությունները հիշյալ առաքելությամբ ժամանել են Արցախ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը վստահեցրել են, որ փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն և իրեց կողմից հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվեն քաղաքաին տնտեսության կառավարման բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, անձնապես կնպաստեն կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը և գործընկերային ներդաշնակ հարաբերությունների կայացմանը:

Նշենք, որ նույն օրը Երևանից ժամանած պատվիրակությունները Սուրեն Գրիգորյանի և փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրելով` հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականում և արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են տեղադրել նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Տեսանյութեր

Լրահոս