Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը հանքի տարածքից այլ վայր տեղափոխելու համար ծախսվելու է 700 հազար դոլար
Այսօր Երևանի «Օրհուս» կենտրոնում Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ անկախ փորձագետների վերլուծությունների քննարկման ժամանակ «Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով պատասխանատու Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ 404 հազար Բրիտանական ֆունտ ստեռլինգ (մոտ 700 000 ԱՄՆ դոլար) է ծախսվելու Կարմիր գրքում գրանցված Potentilla porphyrantha բուսատեսակի 1500 միավորը հանքի տարածքից այլ վայր տեղափոխելու համար:
Նա նշեց, որ Կարմիր գրքում, որպես բուսատեսակի աճելավայր, Ամուլսարը նշված չէ ի սկզբանե. «Երեք տեղ կարելի է տեղափոխել՝ կամ նույն տարածքում առանձնացված տարածք, կամ Բուսաբանական այգի, կամ այլ աճելավայր: Մտածում ենք՝ Սևանի բուսաբանական այգի տանել: Այս բույսը Արշակ տարածքում հայտնաբերվել է մեր կողմից: Հայտնաբերվել է նաև հանքավայրում, ու դա չի թաքցվել ընկերության կողմից: Եվ կրկնեմ, ընկերությունը նշածս չափով գումար է ծախսելու բույսի տեղափոխման համար»: