«Սերժ Սարգսյանը Ջերմուկում ասել է, որ համայնքների խոշորացում պետք է արվի, բայց առանց շտապելու». Վաչե Տերտերյան
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ տարածքը ներկայումս բաժանված է 10 մարզի և 915 համայնքի, մոտ 400 համայնքներ ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100-ին մոտ համայնքներ` մինչև 100 հոգի բնակչություն: Մայիսի 17-ին նախատեսվում է տեղական հանրաքվե անցկացնել՝ Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի փնջերում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ հայեցակարգով լուծվող ամենագլխավոր խնդիրը համայնքների կառավարման ապակենտրոնացումն է: Նա վստահեցրեց, որ խոշորացումից հետո ֆինանսական հավասար բաշխավածությունy կլինի այնպես, ինչպես Երևանում վարչական շրջանների դեպքում է:
«Խոշորացման պարագայում պետք է տեղական հանրաքվեի միջոցով հանրության կարծիքը հաշվի առնենք: Բայց դա կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել, քանի որ, ի վերջո, ԱԺ-ն պետք է որոշի: Շատ երկրներում հանրաքվե չեն էլ անում, այլ հարցումներ են անում: Համայնքների ղեկավարների հետ սկզբում ծանր է գնում խոսակցությունը, հետո մեր արգումենտները ընդունվում են, որովետև հիմնավորված են: Որոշակի մտահոգություն կա, դրա համար մենք ընտրել ենք երեք պիլոտային համայնքներ, ոչ թե 14-ը: Այդ երեքն էլ նույնիսկ առաջին հայացքից նայելով որոշակի հիմնավորվածության էլեմենտ ունեն՝ Դիլիջանն արդեն զբոսաշրջային կլաստեր է, Տաթևն իր բիզնես պրոեկտում կլաստեր է, որ պետք է միասնական կառավարվի: Դիլիջանի և Տաթևի համար ներդրողների ներգրավման համար ընդհանուր քաղաքաշինական կարգավորումների մասին օրենք ենք ընդունել»,- ասաց Վ.Տերտերյանը:
Ըստ նրա՝ մարզպետներն աշխատում են, նախարարը հանդիպումներ է ունենում, համենայն դեպս բնակչության հետ խոսացկությունը շատ ավելի հանգիստ է ստացվում, քան կարելի էր ենթադրել:
«Եթե հանրաքվեին քաղաքացիների 50%-ից քիչ մասնակցի, եթե անգամ ասեն` ոչ, ԱԺ-ն է որոշողը: Ոչ մի երկրում ոչ մի ռեֆորմ ոչ մի կառավարություն համընդհանուր համաձայնությամբ չի արել: Վարչատարածքային ռեֆորմի դեպքում խարտիան ասում է, որ պետք է ընդամենը տեղյակ լինեն հանրության կարծիքին: Դուք քաղաքական մարմին եք, վարչատարածքային բաժանումը ձեր լիազորության մեջ է: Եթե շատ բացասական արդյունք լինի, դա կներկայացնենք ԱԺ-ին»,- ասաց Վ.Տերտերյանը՝ հավելելով, որ մինչև ամսի 17-ը բավականին ժամանակ կա աշխատելու և շանս կա, նույնիսկ Սերժ Սարգսյանը Ջերմուկի համաժողովում ասաց, որ համայնքների խոշորացում պետք է արվի, բայց առանց շտապելու, մարդկանց համոզելով:
Վ.Տերտերյանի խոսքով՝ շատ շահարկվում է մի թեմա՝ ԽՍՀՄ ժամանակ խոշորացրին, բնակավայրերը դատարկեցին: Սակայն, ըստ փոխնախարարի, սա խեղաթյուրում է բարեփոխումը, քանի որ այն ժամանակ ուղիղ դիրեկտիվայով դատարկում էին գյուղերը: