Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` սահմանադրական բարեփոխումների մասին

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում միջազգային քրեական դատարանին միանալու հարցը, թեկուզ՝ միայն ցեղասպանության տեսանկյունից, բավարար է, որպեսզի բարեփոխումների խնդիրը քաղաքացիական հասարակության քննարկման սեղանին լինի: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ քննարկման ժամանակ հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ նկատելով, որ սխալ է քննարկել միայն իշխանության վերարտադրության տարբերակը: «Հանրապետականն արդեն ցույց է տվել, որ բոլոր լծակներն ունի վերարտադրվելու համար, այստեղ պետք է քննարկել՝ ի՞նչ խնդիրների համար են արվում այս բարեփոխումները, քննարկումները կարևոր են, որպեսզի հիմնավորված ասենք՝ ինչո՞ւ ենք դեմ, կամ ինչո՞ւ ենք կողմ»,- նշեց Ա. Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այնուամենայնիվ կա. «Այն համակարգը, որ գործում է, շատ իմաստներով թույլ չի տալիս պետության զարգացումը, քանի որ նախագահական համակարգն ունի լծակներ բոլոր օղակների վրա»:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ սպասվող բարեփոխումների հիմնական նպատակն իշխանության վերարտադրությունն է, ուստի այն, ինչ նպատակով դա արվում է, ամենամեծ մարտահրավերն է: Ժողովրդավարությունը, նրա խոսքով,  ոչ թե կախված է կառավարման մոդելից, այլ դրա բաղադրիչներից, իսկ փորձը ցույց է տալիս, որ պառլամենտական համակարգն ավելի վտանգավոր է, քանի որ իշխանության ներկայացուցիչներն այս ձևով ավելի երկար կմնան իշխանության մեջ:

«Այստեղ խնդիրն անձնական իշխանության հարցն է, Հայաստանում համակարգը կարող է վերարտադրվել, բայց իշխանությունն անձնավորված է»,- ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ  նախագահ Ստեփան Դանիելյանը՝ հալելելով, որ Սերժ Սարգսյանն այժմ լուրջ խնդիր ունի, չգիտի՝ ինչ ուղղությամբ գնալ, վերջինս կհրաժարվի խորհրդարանականից և հիբրիդային տարբերակ կգտնի, քանի որ նրա վերջին ելույթն այս հարցի առնչությամբ շատ անկեղծ էր:

«Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ չի կարծում, թե Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է փոխել Սահմանադրությունը. «Սահմանադրությունը չէ մեղավոր, որ այսօր Հայաստանում առկա է այս իրավիճակը՝ կրիմինալի, ընտրությունների և քաղաքական համակարգի առումով»: Դանիելյանն էլ գործարք առաջարկեց Սերժ Սարգսյանին, որ ինքը բոլոր դեպքերում կողմ կարտահայտվի սահմանադրական բարեփոխումներին այն պայմանով, որ Ընտրական օրենսգրքով ընտրությունների մասնակիցների ցուցակը հրապարակվի:

Տեսանյութեր

Լրահոս