«Ապագայում Ռուսաստան-Չինաստան տարաձայնություններն անխուսափելի են լինելու». ռուսաստանցի վերլուծաբանն ամփոփում է Սարգսյանի այցը Պեկին

«Աճում է Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած Պետական այցի նշանակությանն ու Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների ներկայիս դինամիկային:

Տարասովը նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Պեկին խոսում է Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարության աճի մասին:  Հայաստանը, ըստ նրա, որպես ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ՝ լուրջ, բոլորովին նոր որակի  դիրքեր է ձեռք բերում տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, սկսում են դիտարկվել Չինաստանի հետաքրքրություններն ու շահերն Անդրկովկասյան տարածաշրջանում: «Ինչպես ասում են՝ «եթե Մուհամեդը չի գնում լեռան մոտ, ապա լեռն է գնում Մուհամեդի մոտ» սկզբունքով՝ ՀՀ նախագահը գնաց Պեկին, և այն, որ  հայկական դիվանագիտությունը սկսել է լուրջ ուշադրություն հատկացնել ասիական տարածաշրջանի վրա և ոչ միայն՝ եվրոպական, շատ լավ նշան է: Հայաստանյան դիվանագիտության նոր որակի հետ գործ ունենք»,- նշեց Ստանիսլավ Տարասովը: Վերջինիս կարծիքով` Ռուսաստանը պետք է միայն ողջունի ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունները, քանի որ Հայաստանը  Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, և  Հայաստանի ամուր տնտեսական կապերը Չինաստանի հետ կամրապնդեն նաև հետխորհրդային տարածքում զարգացող ինտեգրացիոն նախագծերի ներուժը: «Այս իմաստով՝ Հայաստանին միայն բարի ճանապարհ պետք է մաղթել»,- ասաց Տարասովը:

Միաժամանակ ռուսաստանցի վերլուծաբանն անդրադառնում է նաև Ռուսաստան-Չինաստան ավելի ու ավելի մեծացող տարաձայնություններին: Նրա խոսքով` տեսականորեն կարելի է ենթադրել Չինաստանի և Ռուսաստանի միջև մրցակցության և տարաձայնությունների մասին, որն ապագայում  կրելու է անխուսափելի բնույթ: «Բայց այս փուլում, հաշվի առնելով  մերձավորարևելյան ճգնաժամը, ուկրաինական իրադարձությունները, սիրիական պատերազմը, Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս՝ որպես ամուր ռազմավարական գործընկերներ, և այս փուլում խոսել  լուրջ տարաձայնությունների մասին՝  ճիշտ չէ:  Թուրքիան ևս Չինաստանի հետ զարգացնում է հարաբերություններ: Աշխարհը փոփոխվում է, ու դիտարկել տարաձայնությունների ոճը՝  սխալ է: Հիմա ընդհակառակը՝ խոսքը համագործակցության մասին է: Եվրասիական տարածքում Չինաստանի հետ համագործակցությունից բոլորը միայն շահում են, այդ թվում՝  Չինաստանը»,- ասաց Տարասովը:

Հիշեցնենք, որ օրերս Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել  էր  ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպման ավարտին, բանակցությունների արդյունքներով, Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր, որն ունի բավական հագեցած բովանդակություն հայ-չինական տնտեսաքաղաքական, ռազմական, մշակութային գործակցության առումով: Ստորագրվել էին նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Չինաստանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևանը սպասում է չինական ներդրողներին Հայաստան-Իրան երկաթուղային նախագծում: Սերժ Սարգսյանն այդ նախագիծը համարել էր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորման առանցքային նախադրյալներից մեկը: Ըստ որոշ վերլուծաբանների` սրանք դժվար իրագործելի ծրագրեր են՝ Հայաստանում ՌԴ գերազդեցության պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս