Ժիրայր Սէֆիլյանը կոչ է անում վերցրած վարկերի և տոկոսների մարումները չկատարել մինչև գործող հանցավոր ռեժիմի հեռացումը, այլ ոչ թե առհասարակ
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը կոչ էր արել մեր քաղաքացիներին դադարեցնելու բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի և տոկոսների մարումները մինչև հանցավոր ռեժիմի հեռացումը:
Սակայն որոշ լրատվամիջոցներ և «տնտեսական վերլուծաբաններ» փորձում են խեղաթյուրել այս կոչի իմաստը: Նրանց մեկնաբանությամբ՝ Շարժումը կոչ է անում ընդհանրապես չկատարել վարկերի և տոկոսների մարումները: Այդպիսի ոչ ճիշտ մեկնաբանության հիման վրա նրանք կարծիք են հայտնում, որ եթե վարկառուները չմուծեն թեկուզ մեկ ամսվա տոկոսները, որի ընդհանուր գումարը կազմում է մոտավորոպես 30 մլրդ. դրամ, ապա բանկային համակարգին կհասցվի ծանր հարված:
Վերը նշվածի հաշվառմամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը կոչ է անում վերցրած վարկերի և տոկոսների մարումները չկատարել մինչև գործող հանցավոր ռեժիմի հեռացումը, այլ ոչ թե առհասարակ: Իսկ Շարժումը ծրագրում է ռեժիմին հեռացնել շատ կարճ ժամանակահատվածում՝ ապրիլի 24-ից սկսած մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:
Ռեժիմի հեռացումից հետո վերանայվելու են գործող բոլոր վարկերի պայմանները, իջեցվելու են բարձր տոկոսադրույքները, վերացվելու են տույժերն ու տուգանքները և հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում: Այդ ամենից հետո վարկառուները շարունակելու են մուծել իրենց վերցրած վարկերի տոկոսները և մայր գումարները, սակայն արդեն վերանայված պայմաններով:
Ինչը վերաբերում է բանկային համակարգին վնաս հասցնելուն, ապա ուզում ենք հիշեցնել բոլորին, որ բանկային համակարգը, ինչպես նաև տնտեսության մեջ գոյություն ունեցող մյուս համակարգերը, պետք է ծառայեն միայն և միայն ժողովրդի ու պետության շահերին: Եթե որևէ տնտեսական համակարգ չի ծառայում այդ նպատակին, ապա այն պետք է ըստ այդմ վերափոխվի:
Այսօրվա բանկային համակարգը ծառայում է ոչ թե ժողովրդի և պետության, այլ բացառապես բանկերի սեփականատերերի շահերին, որոնց զգալի մասը կապ ունեն ռեժիմի հետ և նրա հովանավորությամբ կեղեքում են մեր ժողովրդին ու քայքայում երկրի տնտեսությունը:
Ուստի ռեժիմի հեռացումից հետո այս վիճակը պետք է փոխվի: Բանկային օրենսդրությունը կվերանայվի, կվերացվի ավելի քան 20 տարի գործող ներկայիս կեղեքիչ ու վաշխատուական բանկային համակարգը և կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց պարագայում բանկերը կդառնան տնտեսությանը սպասարկող օղակ և կօգնեն կայացնել ու զարգացնել բիզնեսը, ինչպես նաև լուծել ֆինանսատնտեսական պրոբլեմները:
Հիմնադիր խորհրդարան