«Հիմա մենք չենք ապրում Աշոտ Նավասարդյանի երազած երկրում». Հասմիկ Նավասարդյան
«Ոչ թե օր, այլ չկա րոպե անգամ, որ ես առանց Աշոտի ապրեմ ու հաշվետու չլինեմ իմ արածների համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսելով իր ամուսնու՝ Աշոտ Նավասարդյանի մասին՝ ասաց Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ Եռաբլուրում էին նրա հարազատները, ընկերները, ինչպես նաև մի շարք ՀՀԿ-ականներ:
Հ. Նավասարդյանի խոսքով՝ երբ գաղափարակից ես լինում ամուսնուդ հետ, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է լինում:
«Մեր նախնիները դարեր շարունակ միշտ երազել են անկախ պետականության մասին, և շատերը չկարղացան դա տեսնել: Աշոտը նախնիների սերունդն է, և շարունակեց այդ գործն իր ընկերների հետ միասին, և այսօր պետք է ասել, որ նա փառահեղ կյանք ունեցավ՝ այն իմաստով, որ տեսավ ազատ, անկախ պետականությունը, անկախությունը Հայաստանում և պետականության ստեղծումը: Սակայն այն անկախությունը, որն Աշոտն էր ուզում տեսնել, դա կտեսնի երևի մեր սերունդը, ես այդպես եմ կարծում»,- ասաց Հ. Նավասարդյանը:
Նա չի կարծում, որ պատմությունը կեղծ կատեգորիա է. «Եթե պատմությունը ճիշտ են գրում, ուրեմն՝ կատեգորիան պետք է լինի առողջ, ճշմարիտ և այդ ճշմարիտ պատմությունը, որ մեր սերունդները այսօր կկարդան դասագրքերում, պետք է մտածել, որ նրանք հպարտանալու տեղ կունենան»:
168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ հիմա մենք ապրո՞ւմ ենք Աշոտ Նավասարդյանի երազած երկրում, Հ. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Ոչ, այդ երկիրը կտեսնեն իր սերունդները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: