Իրանի արտգործնախարարը քննադատել է Էրդողանին

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն խոսքերը, որ Իրանը, իբրև թե, փորձում է գերակայել տարածաշրջանում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր. «Եմենում տեղի ունեցածը սկսում է ստուգել համբերության սահմանները: Իրանը փորձում է մեծացնել իր գերիշխանությունը տարածաշրջանում: Թույլատրելի՞ է դա: Իրանին անհրաժեշտ է վերանայել իր հայացքները, դուրս բերել Եմենում, Իրաքում ու Սիրիայում իր ռազմական ստորաբաժանումները»:

Զարիֆն իր հերթին դատապարտել է Եմենի տարածքում սաուդյան ավիացիայի ավիահարվածներին Անկարայի հայտնած աջակցությունը, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել խաղաղ բնակչության, այդ թվում նաև երեխաների շրջանում:

Լոզանում լրագրողների հետ զրույցում Զարիֆը հայտարարել է. «Ներկայիս պայմաններում յուրաքանչյուր երկրի ջանքերը պետք է ուղղվեն տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:

Նրանք, ովքեր ռազմավարական սխալների ու հավակնոտ քաղաքականության պատճառով անդառնալի վնաս են պատճառել տարածաշրջանային անվտանգությանը, Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի օգնեն վերականգնել տարածաշրջանի կայունությանը»:

Անդրադառնալով Եմենի ներքաղաքական ճգնաժամին` Զարիֆը հայտարարել է, որ երկրում կայունության ու անվտանգության վերականգնման միակ տարբերակը Եմենի քաղաքական ուժերի միջև ազգային երկխոսության վերականգնումն է: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ երկխոսությանը:

Տեսանյութեր

Լրահոս