Բաժիններ՝

Ինչն է նպաստել, որ Ծգլը, Տլեն և Գաստիկը ներկայանան ոստիկանություն. փաստաբանը կբողոքարկի կալանավորման որոշումը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով քիչ առաջ կալանավորվեցին Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ): Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ մերժվել է իր միջնորդությունը՝ որպես այլընտրանքային միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին:

«Ես կարծում եմ, որ երեք որոշումներն էլ, որ կայացվել են, ակնհայտ ապօրինի են նաև այն պատճառով, որ հիմնազուրկ են, որովհետև բացակայում է հիմքը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, նաև բացակայում է հիմնավոր կասկածը: Ուստի ես գտնում եմ, որ դատարանի որոշումներն ակնհայտ ապօրինի են, և նաև չպատճառաբանվեց, թե ինչու է գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, անթույլատրելի,- ասաց փաստաբանը՝ նշելով,- Առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը բացակայում էր ընդհանրապես: Համենայն դեպս, քննիչը չկարողացավ ներկայացնել նման ապացույցներ, որոնցով կկարողանար համոզել պաշտպանական կողմին, որ առկա է հիմնավոր կասկածը, և հասկանալի է, որ նաև դատարանին չպիտի համոզեր: Բայց հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքը՝ որպես խափանման միջոց, ըստ էության, ոչ թե բացառիկ խափանման միջոց է, այլ արդեն դարձել է սովորական երևույթ, և դատարանները որոշումները կայացնում են մեխանիկորեն»: Փաստաբանն ասաց, որ կալանավորման որոշումները կբողոքարկի վերաքննիչ դատարանում:

Հարցին՝ արդյոք խոսե՞լ է իր պաշտպանյալների հետ, ի՞նչն է նպաստել, որ նրանք ներկայացել են ոստիկանություն, փաստաբանը պատասխանեց. «Մեր առանձնատեսակցության ժամանակ հայտնած տեղեկությունները գաղտնի են, և ես չեմ կարող հրապարակել դրանք»:

Տեսանյութերը՝ shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս