«Իսլամական պետության» ղեկավարները ստեղծել են մանկական զորամիավորում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող «Իսլամական պետության» մարզական ճամբարներում նախապատրաստություն է անցնում առնվազն 400 երեխա: Այս մասին երեկ հայտնել է «Սուրիա մուբաշիր» տեղեկատվական պորտալը:
Նրանք, որոնց 18 տարին դեռ չի լրացել, համալրում են երեք ամիս առաջ ստեղծված «Խալիֆաթի կորյուններ» զորամիավորումը: Ավելի վաղ դեռահասներն արդեն իսկ Քոբանի քաղաքի պաշարման ժամանակ մասնակցել են քրդերի հետ մարտերին: Նրանցից առնվազն 30-ը զոհվել է:
UNICEF-ի տվյալներով՝ արմատականները դեռ հազվադեպ են «կորյուններին» օգտագործում որպես մահապարտներ: Վերջին շրջանում գրանցվել է նմանատիպ միայն մեկ դեպք, երբ նրանցից երկուսը Հալեպում մասնակցեցին ահաբեկչության:
Սակայն 8-13 տարեկան դեռահասները մի շարք դեպքերում արյունալի հաշվեհարդար են տեսել գերիների հետ, ինչն արտացոլվել է «Իսլամական պետության» տեսանյութերում:
Փորձագետները կարծում են, որ սիրիական ավիացիայի ու միջազգային դաշինքի ավիացիայի գործողությունների հետևանքով կրած կորուստներն իսլամականներին հարկադրում է սեփական շարքերը համալրել անչափահաս նորակոչիկներով:
Երեխաներին սովորաբար օգտագործում են առաջնագիծ զինամթերք, դեղորայք, ջուր և սննդամթերք տեղափոխելու, ինչպես նաև հետախուզական տվյալներ հավաքելու համար: