«Միակ կայացած բանը, որ ունենք, դա Բանակն է». Սամվել Շահինյան
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է՝ անթույլատրելի է, որ վետերանները հիմա մեկնեն սահման ու աջակցություն ցույց տան բանակին: 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետևանքով շրջանառվող այն կարծիքների մասին, որ ճիշտ կլինի, որ ազատամարտիկները գնան և զինվորների հետ միասին պաշտպանեն սահմանը, իրենց փորձով աջակցություն ցույց տան նրանց՝ Ս. Շահինյանը նշեց, որ վետերաններն ունեն իրենց փորձը, որն ավելի շատ «պարտիզանական պատերազմի» հետ է կապված, իսկ սա կանոնավոր բանակ է՝ իր որոշ սկզբունքներով:
«Եվ, փառք Աստծո, ամուր բանակ է: Ամենևին իմաստ չունի գնալ և փչացնել: Վետերանները, երբ պետք լինի, կգնան, առանձին ջոկատով կողքից կօգնեն, բայց ոչ թե այս ձևով, սա ճիշտ չէ: Բանակի միատարրությունը, կառավարման ու ղեկավարման այս մեթոդաբանությունը կամայականորեն փոխել ինչ-որ հայրենասերների կամ նվիրյալների մտածողությամբ՝ չի կարելի, որովհետև ինչքան մարդ՝ այնքան մտածողություն, իսկ բանակը շարժվում է ընդհանուր հրամանով, ընդհանուր շտաբի գծած սկզբունքներով»: Հարցին՝ իսկ այսպիսի լարված իրավիճակներում որքանո՞վ է նորմալ սահմանագծին ժամկետային զինծառայողներին կանգնեցնելը, Ս. Շահինյանը պատասխանեց, որ հիմա միանշանակ պատերազմական վիճակ է, իսկ պատերազմական վիճակում ամեն ինչ սպասելի է. «Այնպես որ, բանակ ասածը խաղաղ բանակ չէ, այն կռվող, ամեն տեսակ անակնկալի պատրաստ բանակ է, մենք դրա ականատեսն ենք, հիմա մեր այդ սերնդին էլ դա է ճակատագրով բախտ ընկել, մեզ էլ բախտ էր ընկել՝ առանց թվանքի կռիվ գնալն ու հաղթելը»:
Մեր ճշտող հարցին՝ անփորձ զինվորները որքանո՞վ կկարողանան պաշտպանել սահմանը, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց. «Դա սխալ արտահայտություն է, սուտ են գրում: Ի՞նչ է նշանակում՝ անփորձ զինվոր, զինվորականը մինչև չի անցնում որոշակի վարժանքներ, իրեն սահման չեն տանում: Նրանց պատրաստում են, նոր են տանում սահման: Այդպիսի բան չկա, որ վերցնեն փողոցից ու տանեն սահման: Հավատացեք, որ զենքը վստահում են մեծ դժկամությամբ»:
Հարցին էլ՝ այսինքն՝ Դուք կարծում եք՝ մեր բանակն ամբողջությամբ պատրա՞ստ է դիմակայելու այն բոլոր հարձակումներին և սադրիչ գործողություններին, որոնք լինում են ադրբեջանական կողմից, և որևէ ուրիշ աջակցության կարիք չկա՞, Ս. Շահինյանը պատասխանեց, որ ինքը տեսել է մի քանի բանակներ և մի քանի երկրների բանակներ, ու կարող է վստահաբար ասել, որ հայկական բանակը և բանակից եկած տղաները պատրաստ են դիմագրավելու հակառակորդի հարվածներին.
«Չի կարելի թերագնահատել հակառակորդին, բայց վստահ եմ ասում, որ մերոնք պատրաստ են, մանավանդ՝ հոգեբանորեն: Գիտեք, որ ես հիացած չեմ մեր իշխանությունների այսօրվա ներքին քաղաքականությամբ, եթե չասեմ՝ զզված եմ, միակ կայացած բանը, որ ունենք, դա Բանակն է: Մենք կռվել ենք, մեր կյանքը տվել ենք, բայց մենք չգիտենք մեթոդաբանությունը, մենք չգիտենք զինվորական կարգապահությունը: Ֆիդայական ինչ-որ խմբեր էինք, տանենք մեր ֆիդայությունն այդ կանոնավոր բանակի մեջ տարածե՞նք: Դա շատ վտանգավոր բան է, չի կարելի, դա վատ միտք է, որովհետև միայն խոսելով չէ, բանակը պետք է մարտունակ լինի: Շատ դժվար է ասել՝ այսօրվա զինվորականի հոգեբանական տրամադրվածությո՞ւնն է հայրենասիրություն, թե՞ մերոնց, որոնք Նժդեհով-բանով ոգևորված՝ գնում էին զոհվելու: Զոհվել պետք չէ, պետք է կենդանի մնալ և հաղթել»: