ՏՀՏ ոլորտը 2014-ին ունեցել է 25.2% աճ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի 2014 թ. հետազոտությունը: Ըստ այդմ՝ ընդհանուր ոլորտի շրջանառությունն անցած տարի հասել է 474.9 ԱՄԴ, աճը 2013-ի համեմատ 25.2% է: Հաշվարկվել է, որ ոլորտի մրցունակ մասնագետները տարեկան մինչև 46 հազար ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում ընկերությունների համար:
Ներկայումս Հայաստանում գործում են 400 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 20% աճ: Այս ընկերությունների մեծամասնությունը տեղակայված է Երևանում (գրեթե 90%-ը), այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, հատկպես Շիրակի և Լոռու մարզերում: Միայն 2013 և 2014 թվականներին 34 նոր ընկերություններ են հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 300 նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում մոտ 1100 նոր աշխատատեղեր են ստեղծվել:
2014թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը, հաշվետվության համաձայն, կազմել է մոտ 349.4 միլիոն ԱՄՆ դոլար, աճը նախորդ տարվա համեմատ 19% է: Ընդհանուր առմամբ 2009-2014թթ. ոլորտում գրանցվել է 21.8% միջին տարեկան աճ:
Ի դեպ, ՏՀՏ ոլորտում ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի խոշոր ընկերությունները 40-ն են՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի շրջանառությամբ, որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 11%-ը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 60%-ը: