ԱՄՆ-ին ու Իրանին ընձեռվել է իրենց հարաբերությունները զգալիորեն բարելավելու բացառիկ հնարավորություն. Օբամա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նովրուզի (իրանական ամանոր) շեմին հայտարարել է, որ ԱՄՆ-ին ու Իրանին ընձեռվել է բացառիկ հնարավորություն՝ զգալիորեն բարելավելու համար իրենց հարաբերություններն ու խաղաղ ճանապարհով լուծելու համար իրանական միջուկային ծրագրի հարցը:
Օբաման Թեհրանին կոչ է արել օգտվել վերջին տասնամյակների կտրվածքով լավագույն հնարավորությունից. «Նման պահ կարող է կրկնվել ոչ շուտով: Կարծում եմ, որ մեր ազգերն ունեն պատմական հնարավորություն՝ խաղաղ ճանապարհով լուծելու համար Իրանի միջուկային ծրագրի հարցը: Մենք չենք կարող բաց թոսղնել այդ հնարավորությունը»:
Օբամայի խոսքերով՝ այս օրերն ու շաբաթները կունենան վճռորոշ նշանակություն: Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց, սակայն դեռ կան մի շարք տարաձայնություն.
«Մի շարք անձինք, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում նախկինի նման դեմ են հանդես գալիս տվյալ հարցի դիվանագիտական կարգավորմանը: Իրանն ունի երկու ուղի՝ մեկուսացում ու պատժամիջոցների պահպանում, կամ էլ առևտրի ու օտար ներդրումների զարգացում: Այսօր դա է դրված խաղաքարտին»: