Իրավապաշտպանը խոստանում է դրամական պարգև
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները Երևանի կենտրոնում պաստառներ են փակցրել հետևյալ բովանդակությամբ. «Փնտրվում է Կենտրոնի քննչական բաժնում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքված քրեական գործի նյութերը։ Գտնողին, խնդրում ենք, ներկայացնել Կենտրոնի դատարան։ Խոստանում ենք դրամական պարգև»։
Մարինա Պողոսյանը «168 Ժամի» հետ զրույցում մանրամասնեց, թե որ քրեական գործի մասին է խոսքը, և, թե ինչու են իրենք փնտրում գործի նյութերը։
«Սա այն քրեական գործն է, որով փորձել են ճնշում գործադրել մեր կազմակերպության և անձամբ իմ նկատմամբ, քանի որ մենք զբաղվում ենք վաշխառության դեմ պայքարով, իսկ վաշխառուների պարագլուխ Հովհաննես Երիցյանին, բնականաբար, դուր չի եկել մեր գործունեությունը, և նա պարզապես սուտ մատնություն էր արել իմ դեմ»։ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը Ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, թե իբր Մարինա Պողոսյանը շորթում է կատարել մի քանի անձանցից` սպառնալով և վախեցնելով նրանց։ Քրեական գործ հարուցվել էր, սակայն Մարինա Պողոսյանին մեղադրանք չէր առաջադրվել, քանի որ բոլոր 4 անձինք, ումից, ըստ Երիցյանի, Պողոսյանը «շորթում» էր կատարել, իրենց ցուցմունքներում հերքել են Երիցյանի հայտնած տեղեկությունները։
Մարինա Պողոսյանն իր հերթին` հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` հայտնելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է կատարել։ Երիցյանի դեմ, սակայն, գործ չի հարուցվել, քննիչը գտել է, որ նախկին պաշտոնյան դիտավորությամբ չի մեղադրել Պողոսյանին հանցագործության մեջ։
«Պատկերացնո՞ւմ եք, որ Հովհաննես Երիցյանն իբր սխալ է ընկալել չորս հոգուց լսած տեղեկությունը և ենթադրել է, որ ես շորթում եմ կատարել, և դիմել է Ոստիկանություն։ Նման բան չի կարող լինել, նա դիտավորությամբ է դա արել, որպեսզի ճնշում գործադրի մեզ վրա։ Եթե ես չորս անձից շորթում կատարած լինեի, նրանք կդիմեին Ոստիկանություն, Երիցյանն ինչո՞ւ է նրանց փոխարեն դա արել»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը։
Վերջինս, ի դեպ, մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին, քանի որ, թեև գործն արդեն դատական փուլում է, գործի նյութերը դեռևս չեն փոխանցվել դատարան։ «Ես լուրջ մտավախություն ունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կփոխվեն գործի նյութերը, քանի որ Հովհաննես Երիցյանը խայտառակ ցուցմունքներ է տվել, և նման ցուցմունքները հրապարակվելուց հետո նա չի կարող խուսափել պատասխանատվությունից»,- վստահ է իրավապաշտպանը։
Մարինա Պողոսյանը նշում է, որ իրենք արդեն համոզվել են` հենց Դատախազությունն է հովանավորում Երիցյանին։ «Մենք այս մասին բաց նամակ գրեցինք, տեղեկացրեցինք ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նա այդպես էլ անհաղորդ մնաց։ Գործի նյութերը մինչև հիմա Դատախազությունում են, և ես խիստ կասկածում եմ, որ այնտեղ հիմա կեղծիքներ են արվում։ Ինչո՞ւ է Դատախազությունը պահում գործի նյութերն իր մոտ, եթե վաղուց հաստատել է քրեական գործի կարճման վերաբերյալ որոշման օրինականությունը»,- հարցնում է իրավապաշտպանը։