Ֆիզիկոս Ջոն Բրանդենբուրգը նոր ապացույցներ է ներկայացրել Մարսի վրա միջուկային պայթյունների մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ֆիզիկոս Ջոն Բրանդենբուրգը Հյուսթոնում ընթացող NASA-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը) կոնֆերանսի ժամանակ նոր ապացույցներ է ներկայացրել Մարսի վրա միջուկային պայթյունների մասին:
Բրանդենբուրգը ներկայացրել է գրաֆիկական տվյալներ, որոնք նրա կարծիքով՝ կարելի է բացատրել միայն միջուկային զենքի պայթյունով: Նա ընդգծել է, որ Մարսի երկու միմյանց հակադիր հատվածներում առկա է թորիումի ու ռադիոակտիվ կալիումի կենտրոնացում:
Նրա կարծիքով, դա, ինչպես նաև մոլորակի մակերևույթին առկա ռադիոկատիվ տարրերի նուրբ շերտը վկայում են, որ Մարսի վրա գրանցվել է միջուկային հզոր պայթյուն, ինչից հետո հարվածային ալիքը տարածվել է ողջ մոլորակով և բախվել է ինքն իր հետ:
Բրանդենբուրգը չի բացառել, որ Մարսի վրա կարող է տեղի ունեցած լինել բնական միջուկային ռեակտորի պայթյուն, սակայն միջուկային զենքի կիրառման մասին է վկայում Մարսի մթնոլորտում քսենոն-129-ի առատությունը: Բրանդենբուրգի խոսքերով՝ այդ իզոտոպը գոյանում է միայն արագ նեյտրոնների շնորհիվ (ուրան-235-ի բնական քայքայման պատճառը դանդաղ նեյտրոններն են):
Ավելին, Երկրի մթնոլորտում քսենոն-129-ի մեծ կենտրոնացում ի հայտ եկավ միայն 1945 թվականից հետո: Գիտնականի խոսքերով՝ Մարսի մակերևույթին խոշոր խառնարարնների բացակայությունը վկայում է այն մասին, որ պայթյունները պետք է գրանցված լինեն օդում (դրանց հզորությունը կարող է հասած լինել մի քանի միլիարդ մեգատոննի): Բրանդենբուրգը ներկայացրել է Մարսի վրա միջուկային պայթյունների մասին այլ ապացույցներ ևս: