ԱՄՆ-ը վերջին հաշվով հարկադրված կլինի բանակցություններ վարել Բաշար Ասադի հետ. Ջոն Քերի
CBS-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջին հաշվով հարկադրված կլինի բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Քերին այս մասին հայտարարել է Եգիպտոսին օգնելու վերաբերյալ Շարմ էլ Շեյխում կազմակերպված միջազգային տնտեսական կոնֆերանսին մասնակցելու շրջանակներում:
Ջոն Քերիի այս հայտարարությունը հնչում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի 4-րդ տարին բոլորելու և հինգերորդ տարուն անցնելու ֆոնին: Այս անգամ Քերին հանդես չի եկել ավանդական հայտարարություններով, որ Ասադի վարչակարգն ամբողջովին ոչ լեգիտիմ, և նա պետք է հեռանա: Քերիի տոնի այդ մեղացումը կապված է տարածաշրջանում նոր վտանգի՝ «Իսլամական պետության» հայտնվելու հետ:
Քերին հայտարարել է. «Արդյունքում մենք հարկադրված կլինենք բանակցություններ վարել (Ասադի հետ): Մենք մշտապես ցանկացել ենք անել դա «Ժնև 1»-ի (միջսիրիական բանակցություններ) համատեքստում»: Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի առաջնորդին հարկադրել անել դա.
«Դա կարող է պահանջել նրա վրա ճնշման մեծացում՝ տարբեր միջոցների օգնությամբ: Դրանով իսկ Արևմուտքը ցույց կտա, որ դեռևս փնտրում է քաղաքական որոշում: Դա այն գործընթացն է, որն ընթանում է ներկայումս: Եվ ես համոզված եմ, որ մեր դաշնակիցների ու մյուս երկրների օգնությամբ կաճի Ասադի վրա ճնշումը»:
Սիրիական հակամարտությունը մեկնարկել է 2011 թվականի մարտին, երբ երկրում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի: 4 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 215.000 մարդ: