Էրդողանի իրանական այցի ժամանակ կստորագրվի 12 նոր պայմանագիր
Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իրանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են երկու երկրների ու տարածաշրջանի բարօրության համար:
Յըլմազն այդ մասին հայտարարել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաիզիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ ապրիլի 7-ին Թեհրան կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Յըլմազի խոսքերով՝ ակնկալվում է, որ Էրդողանի իրանական այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվելու է 12 նոր պայմանագիր, որոնք կառնչվեն մաքսային, բեռնափոխադրումների, էներգետիկ, առևտրային ու առողջապահական ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան ու Իրանը տարածաշրջանի խոշորագույն երկրներն են և ունեն ամենամեծ տնտեսությունները տարածաշրջանում: Նա նկատել է, որ Էրդողանի իրանական այցը լինելու է նույնպիսի հաջող, ինչպես որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի թուրքական այցն էր: