Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է վաղվա բողոքի ակցիային
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) Կոորդինացիոն խորհուրդը պատրաստվում է իր բողոքի ակցիային, որը Բաքվում անցկացվելու է մարտի 15-ին, ժամը 15.00-ին:
Բողոքի ակցիան անցկացվելու է «Ո´չ թալանին» կարգախոսով: ԺՈՒԱԽ-ում կարծում են, որ արտոնյալ ակցիային կմասնակցի մի քանի հազար մարդ, որոնք իրենց բողոքը կհայտնեն նախագահ Ալիևի վարչակազմի ձախողված տնտեսական քաղաքականությանը:
Այս տարվա փետրվարի 21-ին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 33 տոկոսով, ինչը 1/3-ով արժեզրկել է մանաթի տեսքով բնակչության տնտեսումներն ու կուտակումները, հարվածի տակ է դրել բանկային համակարգը, առաջացրել է գնաճ և ստեղծել է հիպերինֆլյացիայի սպառնալիք:
ԺՈՒԱԽ-ը վերջին անգամ հանրահավաք է անցկացրել 2014 թվականի նոյեմբերի 9-ին` պահանջելով ազատել քաղբանտարկյալներին: Այդ պահանջը մյուս պահանջների հետ մեկտեղ հնչեցվելու է նաև մարտի 15-ի ակցիայի ժամանակ: