Պուտինը հանձնարարել է ստեղծել Ազգությունների հարցերով դաշնային գործակալություն
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է մինչև ապրիլի 15-ը առաջարկներ ներկայացնել Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ստեղծման մասին: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինի հանձնարարականում նշված է, որ այդ գործակալության առաջադրանքներն են լինելու ազգամիջյան ու էթնոդավանաբանական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելը, Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդի միասնության ամրապնդմանն ուղղված միջոցներ կիրառելը:
Բացի այդ, գործակալությունը պետք է զբաղվի ազգամիջյան ու միջդավանաբանական համաձայնության ապահովմամբ, ինչպես նաև այն միջոցներով, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների զարգացման էթնոմշակույթին: Նախատեսվում է նաև, որ գործակալությունը զբաղվելու է ազգամիջյան ու էթնոդավանաբական հարաբերությունների ոլորտում պետական ու դաշնային նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ:
Պուտինն ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի դաշնային համակարգի ստեղծման անհրաժեշտության հարցը բարձրացրել է 2013 թվականի հոկտեմբերին՝ Ուֆայում տեղի ունեցած Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում: