«Պայթեց ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլև ինֆորմացիոն փուչիկը…»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից և եռյակի փաստացի պառակտումից հետո, շատ է խոսվում, թե ընդդիմադիր դաշտում ճգնաժամ է առաջացել, և ընդդիմության տեղը հիմա թափուր է։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում իրավիճակը, տեսնո՞ւմ եք ճգնաժամը, որի մասին այդքան խոսվում է։

– Նայած` ինչ ենք հասկանում` ճգնաժամ ասելով։ Ամբողջ խնդիրն այն է, որ 2007 թվականից այս կողմ, երբ ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, փաստորեն, ամբողջ ներքին կյանքը դրա շուրջ էր պտտվում` տարբեր տարիներին տարբեր դրսևորումներով։ Այսինքն` ստեղծվել էր փողի վրա հիմնված մի փուչիկ, որն անընդհատ ինչ-որ անհասկանալի դերեր էր կատարում։ Ի վերջո, 2012-ից հետո դա բերեց նրան, որ ընդհանրապես տպավորություն ստեղծվեց, որ այդ քաղաքական փուչիկն ինքն է ընդդիմադիր, և իր մարմնով լցվեց ամբողջ ընդդիմադիր դաշտը` դրանով իսկ, փաստորեն, լրիվ սնանկացնելով եղած-չեղած կուսակցություններին, որոնք ենթարկվեցին այդ խաղի կանոններին, սկսեցին ստեղծել տարբեր հարաբերություններ` հույսեր կապելով, թե ինչ-որ նոր ձևեր կգտնեն։ Մամուլը սկսեց ստեղծել նոր իրավիճակ, ու այդպես էլ ապրում ենք այդ աղմուկի մեջ։ Բազմիցս ասել եմ, որ սա իշխանական պրոյեկտ է, և նպատակն ընդդիմադիր դաշտում ամբողջ քաղաքականությունը ոչնչացնելն էր, և կյանքն ամեն օր դա ցույց էր տալիս։

Հենց 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը բոլոր պայմանները ստեղծեց, որպեսզի ՀՀԿ-ն վերցնի մեծամասնություն, իսկ ինքն էլ ուղղակի ջարդուփշուր արեց ՀԱԿ-ին, ՀԱԿ-ի բոլոր ձայները վերցրեց, և այդ ամենը հանգիստ անցավ։ Չգիտես` ինչու, ոչ ոք չխոսեց այդ մասին, չասաց, թե` այս ի՞նչ է կատարվում։ Ընդհակառակը` սկսեցին ավելի մտերմանալ ԲՀԿ-ի հետ, և այդ, ըստ էության, հանցավոր քաղաքական փուչիկի գործունեությունը բոլորը պաշտպանեցին։ Հետո եկավ 2013 թվականը, նորից Ծառուկյանի շուրջ` աղմկահարույց զրույցներ, չգիտեմ ինչեր, և Ծառուկյանը բոլորին շպրտեց, թողեց դրսում, Սերժ Սարգսյանի համար կանաչ լույս վառեց։ Այդ ժամանակ ԲՀԿ-ն` ՀԱԿ-ի հետ միասին, մեկուսացրին Րաֆֆի Հովհաննիսյանին, չթողեցին մեծ ալիք բարձրանա, բոլորը սկսեցին աշխատել դրա մեջ, և Սերժ Սարգսյանը նորից ազատ անցավ։

Դրանից հետո 2013թ. եղան Երևանի քաղաքապետի ընտրությունները. նորից ամպագոռգոռ հայտարարություններ` «Գագիկ Ծառուկյանն իր խմբով մտավ, մենք հաղթում ենք…»։ Մտան` այս անգամ էլ ջարդուփշուր արեցին, դուրս թողեցին «Ժառանգությանը»։ Դա էլ բոլորը տեսան, բայց շատ հետաքրքիր է, որ որևէ մեկը դրան որևէ նշանակություն չի տալիս։ Այսինքն` տպավորություն է, որ բոլորին դա դուր է գալիս։ Ծառուկյանը դարձել էր ինչ-որ միֆական քաղաքական կերպար, որի հետ բոլորը սկսել էին հույս կապել` իրենք էլ հորինելով, ստեղծելով` հազարավոր հոդվածներով, մինչև այս դեպքերը, երբ այդ մարդուն կանչեցին ու ասացին` գնա տուն։ Դրանից հետո պայթեց ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլև ինֆորմացիոն փուչիկը։

Բոլորը, ի վերջո, հասկացան, որ սա մեծագույն խաղ էր, որը տարիներ շարունակ խաղարկել են մեր ժողովրդի գլխին, և այդ ամբողջ ընդդիմադիր դաշտն էլ մեծ հաճույքով գնացել է այդ խաղերին` իրենց ներշնչելով, որ դրանից մի բան կստանան։ Իրականության մեջ ոչ մի ընդդիմություն էլ չի եղել, որովհետև կուսակցություններն իրենք հրաժարվել են իրենց գործունեությունից` ամբողջ հույսը դնելով այդ փուչիկի վրա, գնացել են խաղի, երբ այդ խաղն էլ վերացել է, նրանք մնացել են այնքանով, ինչքանով կան։

– Եռյակի մյուս երկու ուժերի ինչի՞ն էր պետք այդ խաղը խաղալը, չէի՞ն կարող հաշվարկել, որ նման բան կլինի, ի վերջո։

– Հաշվարկել, ըստ երևույթին, չեն կարողանում։ Կուսակցությունները շատ-շատ են սիրում խոսել, որ իրենք հաշվարկող կուսակցություններ են, բայց երբեք որևէ մեկը չի մտածում, որ ելնելով ինչ-որ տրամաբանությունից ես մի բան հաշվարկում։ Եթե քո տրամաբանությունն արատավոր է, սուտ է, դու ինչքան ուզում ես` հաշվարկի, ինչ էլ հաշվարկես, սուտ է լինելու։ Հիմա բոլորը հասկացան դա, որ իրենք այդ տրամաբանությունը չունեն։ Ես հասկանում եմ` ինչու են իրենք այդպես անում, որովհետև բոլորը փայլուն գիտեն, որ այս երկրում ազատ ընտրություններ չկան։

Եթե ազատ ընտրություններ չկան, կուսակցական գործունեություն չկա։ Ու քանի որ դա չկա, այդ կուսակցություններն արդեն սկսում են հորինել ինչ-որ ստվերային խաղեր, որ իրենց գոյությունն ինչ-որ տեղ արդարացնեն, ընդամենը լինեն այն, ինչ կան։ Դա իրենց ապրելաձևն է դարձել։ Բոլորն էլ փայլուն գիտեն, թե այստեղ որոշողներն ովքեր են, բայց բոլորն էլ մեծ հաճույքով մասնակցում են` զինվելով ստով։ Սուտը դարձել է արդեն քաղաքական գործունեության միակ մեխանիզմը, և այդ ստով մարդիկ սկսել են վերջին տարիներին ազգին համոզել, որ աշխարհը փողի վրա է կառուցված, որ` գաղափարները սուտ բաներ են` մինչև կյանքը բերեց բոլորին ցույց տվեց, որ` թե՛ ձեր սուտը, թե՛ ձեր փողն ընդամենը կարող է ձեզ տանել քաղաքական գերեզման, ինչն էլ եղավ։

– Ստացվում է` հիմա ընդդիմություն չկա՞, ընդդիմության տեղը թափո՞ւր է։

– Որովհետև ցանկություն ունեցողներ չկան։ Շատ կարևոր է, որ գոյություն ունենա ինչ-որ խումբ, որը գրանցվել է` որպես կուսակցություն, և ցանկություն ունի գործել` որպես ընդդիմադիր ուժ, ու եթե նա ունի այդ ցանկությունը, ի՞նչ կոնցեպտով է դուրս գալիս քաղաքական կյանք, ո՞րն է այդ կոնցեպտը։ Հայաստանում 1992 թվականից այս կողմ գոյություն ուներ մի շատ աբստրակտ, այսպես կոչված, ընդդիմադիր գաղափար` իշխանափոխություն, որը չէր բացատրվում` սա վատն է, սա լավն է, իսկ իրականության մեջ ցանկանում են` իշխանության գալ ցանկացած գնով։ 24 տարի մի գաղափար է։ 10 հոգի հավաքվում են, մի կուսակցական կնիք դնում գրպանում ու դուրս են գալիս, բղավում` «իշխանափոխություն, էսինչ, հեռացիր, Լևոն, հեռացիր, Սերժիկ, հեռացիրգ», դրանով ինքը դառնում է կուսակցություն։

Բայց երբ մարդու հետ խոսում ես, ինքը բացարձակապես ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ մի բան չգիտի, իրեն դա չի էլ հետաքրքրում, բայց ինքը դրանով դրսևորում է իր կյանքը, կարելի է չաշխատել, տարիներ շարունակ ինչ-որ ձևով գոյատևել։ Սա է վիճակը։ Այդ սուտ գաղափարը, փաստորեն, ծածկել է ցանկացած ընդդիմադիր տեսակետի հնարավորություն։ Ինչո՞ւ։ Դուք գիտեք` առնվազն վերջին տարիներին ինչպես էր աշխատում այդ կուսակցական մամուլը։ Ցանկացած մարդ եթե փորձի ասել` երկրի խնդիրն ուրիշ է, այս չէ, միանգամից 4-5 տեղից ոչնչացնում են այդ մարդուն` չթողելով, որ նա հանկարծ կասկածի տակ դնի միայն մի խնդիրը` իշխանափոխությունը։

Չեն թողնում միտքը զարգանա։ Այսինքն` այդ կուսակցություններ կոչվող խմբավորումները` մտնելով խաղի մեջ, հրաժարվելով բուն կուսակցական գործունեությունից, արդեն դարձել են մի ահռելի խոչընդոտ քաղաքական զարգացման և պետական շինարարության համար, սկսած այն ուժից, որը զավթել է պետական համակարգը, և բոլոր այն մնացածները, որոնք այդ խաղին մասնակցել են։

– Կարծիքներ կան, որ Գագիկ Ծառուկյանին ինչ-որ ուժեր դրդեցին դիմել կոշտացումների։ Հավանական համարո՞ւմ եք այդ տարբերակը, և ի՞նչ ուժերի մասին է խոսքը։

– Այդ խաղերում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իշխանություններն ասում են` հերթական թուղթն է կարդացել, չի էլ հասկացել։ Հիմա այդ թուղթն ո՞վ է տվել իրեն, ես ի՞նչ իմանամ։ Եթե այդ մարդն ինքը չի գալիս դրան, այլ մի տեղից է գալիս, այդ մի տեղը դուք երբեք չեք էլ գտնի, կարող է` հենց Սերժ Սարգսյանի մոտի՞ց է եկել։ Դրա համար եմ ասում` դրանք անէական հարցեր են։ Քաղաքականության մեջ փուչիկ լինելն ահավոր վտանգավոր բան է։ Փառք Աստծո, որ ողջ է մնացել, կարող էր ավելի վատ վերջանալ։ Սա առաջին անգամը չէ, որ փուչիկներ են խաղարկում Հայաստանում։ Դա եղել է` սկսած այն ժամանակվանից, երբ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ, Վազգեն Սարգսյանի դեպքում էլ` էլի այսպես փուչիկային ահավոր պրոցեսներ գնացին, որոնց արդյունքում այդ մարդը ֆիզիկապես վերացավ։

– Չե՞ք տեսնում այն ուժերին, որոնք կարող են ընդդիմադիր դաշտը լցնել այսօր։

– Եկեք տարբերակենք` կուսակցություններ և ընդհանրապես ուժեր, որովհետև 20-21-րդ դարերի աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ արմատական, համակարգային փոփոխություններ արել են հանրային շարժումները, ամբողջ ժողովուրդն է դա արել։ Կուսակցությունները մասնակցել են, բայց կուսակցությունը երբևէ չի կարող համակարգային փոփոխություն անել, դրանք հեքիաթներ են։ Իմ կարծիքով` արդեն եկել է ժամանակը, որ երկրում կուսակցությունների մասին խիստ օրենք բարձրացվի, որպեսզի ամեն խումբ հենց այնպես չգա, կնիք վերցնի, ասի` ես վաղը գալու եմ` ձեզ կառավարեմ։ Այն օրենքով, որ Հայաստանում գոյություն ունի, կարելի է լրիվ բանդիտական խմբավորում սարքել` ըստ օրենքի։

Սա լրջագույն խնդիր է, որովհետև պետությունը սկսում է կուսակցություններից և ազատ ընտրություններից։ Ի վիճակի՞ է որևէ ուժ Հայաստանում այդ խնդիրը դնել և լուծել, թե՞ ոչ։ Բոլոր պետությունները դրանից են սկսել։ Ժողովուրդը թույլ չի տվել` ընտրություն կատարվի այդ երկրում` մինչև ազատ ընտրությունների երաշխիքներ չլինեն, և չլինեն ուժեր, որոնք իսկապես ուզում են նպաստել պետական կառավարմանը։

– Արդյոք հիմա մեզ մոտ հասունացե՞լ է այն պահը, որ ժողովուրդը կարողանա թույլ չտալ նման բաներ։

– Աշխարհը կա՛մ-կա՛մ է։ Մենք կա՛մ Ղարաբաղյան պատերազմը կհաղթեինք, կա՛մ կպարտվեինք։ Նույնը սա է, դուք կա՛մ դնում եք այս խնդիրը և ձևեր եք գտնում լուծելու համար, կա՛մ չեք դնում և, ինչպես 24 տարի ապրել եք, հիմա էլ ձեր երեխան նույնի մեջ կապրի։ Հայաստանում ես նկատում եմ, որ հիմա նոր սերնդի մեջ ինչ-որ արտահայտություններ կան, արդեն դուրս են գալիս մարդիկ, ովքեր ձևակերպում են երկրի խնդիրը։ Երբ ձևակերպվի, երևի կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու այդ խնդիրները լուծելուն։

– Դեռ երկա՞ր պետք է սպասենք` մինչև դա լինի։

– Երբ խնդիրը դնում ես, երբեք չես կարող իմանալ` ինչպես է նա դառնում բոլորի խնդիրը։ Մեկ-մեկ այնքան շուտ է դառնում, չես էլ հասցնում նկատել։ Մանավանդ, հիմա 21-րդ դարն է, փորձի վրա չենք կարող գնահատականներ տալ այսօրվա պրոցեսներին։ Հայաստանը միակ երկիրն է եղել, որն անկախության հռչակագիր չունի։ Պետությունը դրանից է սկսվում, երբ նա հռչակում է իրեն անկախ պետություն։ Մենք անգամ այս հարցերը չլուծած` ինչի՞ մասին ենք խոսում։

– Իրական ընդդիմադիր ուժերի կողմից ի՞նչ քայլեր պետք է արվեն հիմա։

– Ձևակերպել երկրի խնդիրը։ Մարդիկ հռչակել են, որ իրավական պետություն են կառուցում այս երկրում։ Հռչակել եք` կառուցեք։ Շատ պարզ բան է։ Դու 24 տարի այդ պետությունը չես կառուցել։ Այն մարդիկ, ովքեր հիմա վերադարձել են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչպես եղել են, այնպես էլ մնացել են։ Ի՞նչ են հռչակում` սկզբունք չկա, արժեք չկա, կա միայն շահ։ Այդ գաղափարով դու ինչպե՞ս կարող ես պետություն կառուցել։

– Տեսնո՞ւմ եք այն ուժերին, որոնք կարող են ձևակերպել այդ խնդիրը։

– Կուսակցությունների մեջ չկան։ Դրսում կան` հանրային ինչ-որ շարժումներ կան, առանձին դեմքեր կան, որոնք շատ հստակ գնահատական են տալիս ու ձևակերպում են խնդիրները, եթե դա դառնա միասնական գործունեություն` մենք կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն գալիս է դրան։

– Օրինակ կարո՞ղ եք բերել։

– Օրինակ` մի խումբ երիտասարդներ կուսակցություններին նամակ են գրել, փայլուն ձևակերպում էր։

– ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում իրենք են լինելու իշխանության։ Իրատեսակա՞ն եք համարում դա։

– Լավ է` 10 տարի է ասել, կարող էր 110 ասել։ Լպիրշ, լկտի երևույթներ են, ծանրագույն քրեական հանցագործություն կատարած։ Պետական համակարգի յուրացումը քրեական հանցագործություն է, նրանք պետք է վաղուց բանտում նստած լինեին, հիմա, եթե մարդը բանտից դուրս է մնացել, նրանից ի՞նչ եք սպասում, կարծում եք` ուրիշ բա՞ն է ասելու։

Տեսանյութեր

Լրահոս