Սամվել Բաբայանը կառաջնորդի՞ ԼՂ ընդդիմությանը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Քաղաքական թեժ գարունը կարծես թե Ղարաբաղ է տեղափոխվում, որտեղ ոչ պակաս ուշագրավ իրադարձություններ ու զարգայցումներ են սպասվում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստվում է միջամտել մայիսի 3-ին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Արցախյան «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց տեղեկությունները, որ Բաբայանը մտադիր է աջակցել իրենց կուսակցությանը։ Թե ի՞նչ ձևով է դրսևորվելու այդ աջակցությունը՝ չի ասվում։

«Սամվել Բաբայանի մասին ասված այս տեղեկատվությունն այն առավելագույնն է, որ այս պահին ենթակա է հրապարակման։ Հետագայում այս մասին նոր տեղեկատվություն կլինի»,– երեկ մեզ փոխանցեց ԱՎ նախագահը։

Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը վերադարձել և փորձում կրկին ներգրավվել քաղաքական գործընթացներում դեռ պաշտոնապես հայտնի չէ։ Հիշեցնենք, բանտից ազատվելուց հետո (2004թ.) նա ԼՂՀ-ից տեղափոխվեց Հայաստան, ստեղծեց «Դաշինք» կուսակցությանը, որն արդեն 2007-ին համագործակցում էր Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿԱ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ», ինչպես նաև Ռամկավար ազատական կուսակցությունների հետ։

Բաբայանը ծրագրել էր միավորել այս 3 կուսակցությունները, որպեսզի դրանց հենքի վրա նոր՝ ուժեղ կուսակցություն ձևավորվի։ Դա ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտը։ Վերջին պահին, սակայն, ծրագիրը տապալվեց, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրել իր, Ալբերտ Բազեյանի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները, վերցրել այդ գումարը և անհետացել։

Տեղեկություններ կային, որ նա մեկնել է Մոսկվա։ Այս ընթացքում լեգենդար Սամոյից, որին ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը 4.5 տարի փակված պահեց Շուշիի բանտում իր դեմ մահափորձ իրականացնելու համար, իսկ 2004-ին ներում շնորհեց, որևէ տեղեկություն չկար։ Նրա այս անսպասելի հայտնության վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահին։

– Պարոն Խանումյան, Սամվել Բաբայանը բավական երկար ժամանակ հայտնի չէ, թե որտեղ էր, նա վաղուց քաղաքական գործընթացներին չի խառնվում, ըստ ձեզ՝ ի՞նչը նրան ստիպեց կրկին վերադառնալ և զբաղվել քաղաքականությամբ։

– Դա լավ կլինի հարցնել Սամվել Բաբայանին։ Սակայն պարոն Բաբայանը ճակատագրական դերակատարություն է ունեցել արցախյան պատերազմում մեր հաղթանակի համար, և բնական է, որ Արցախի ներկայիս վիճակի հարցով պետք է մտահոգ լիներ, մանավանդ որ կան անվտանգության և տնտեսական զարգացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

– Տեղեկություններ կան, որ Բաբայանը փորձելու է կանխել Արկադի Ղուկասյանի վերադարձը ԼՂՀ նախագահի պաշտոնին։ Կա՞ նման բան։ և հետո, որքանո՞վ է հավանական, որ նա փորձի հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա ԼՂՀ նախագահ՝ Բակո Սահակյանի պաշտոնանկությունից հետո, և այս ընտրություններին Բաբայանի միջամտությունը նաև դրանո՞վ է պայմանավորված։ Թե՞ դուք բացառում եք նման հեռանկար և նման մտադրություններ։

– Հայաստանյան մամուլը բազմաթիվ տարբերակներ է քննարկում կենցաղայինից մինչև աշխարհքաղաքական։ Սա գալիս է մամուլի ցածր մակարդակից, առաջին աղբյուրներից ինֆորմացիա ունենալու անկարողությունից։ Ինֆորմացիան այսքանն է՝ Սամվել Բաբայանը մտադիր է աջակցել «Ազգային վերածնունդ» կուսակցությանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Պետք չէ Արցախի խորհրդարանական ընտրությունները կապել ՀՀ ներքաղաքական կամ այլ գործընթացների և անձանց հետ։ Սամվել Բաբայանը բավական վառ անհատականություն է, որպեսզի նրա անունը կապվի մեկ այլ գործչի անվան հետ։ Մյուս կողմից, մեր կուսակցությունը կարետրում է ինստիտուտների դերը երկրի զարգացման գործում, և ամեն ինչ անելու ենք քաղաքական համակարգի որակների զարգացման համար։ Սամվել Բաբայանը շատ հարցերում համակարծիք է մեր առաջ քաշած սկզբունքների հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս