«Ամենադաժանը Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելու նախադեպն էր»

«Ես այդ կրիմինալ խժդժությունների շարունակությունը կանխատեսում եմ առավել մեծ թափով». Անուշ Սեդրակյան

Եթե Հայաստանում անվիճելի է, որ իշխանության ռեսուրսը, հիմքը համարվում է կրիմինալը, փողը և վարչական ռեսուրսը, ապա եթե այդ դաշտում որևէ լրջագույն բան տեղի ունենա, դա ազդելու է իշխանության պատկերի վրա, իսկ եթե իշխանության ներսում որևէ բան տեղի ունենա, դա էլ ազդելու է ռեսուրսների վրա, որովհետև ռեսուրսները վերաբաշխվելու են: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջերս Նուբարաշեն ՔՀԿ-ի դիմաց 3 քրեական հեղինակությունների սպանութան դեպքի մասին, նշեց, որ Հայաստանում շրջանառության մեջ գտվող կապիտալի, նաև սպառողների թվի քանակը բերել է բոլոր առումներով դաժան պայքար.

«Ես կարծում եմ, որ հայաստանյան դաշտում այնպիսի փառահեղ նախադեպեր են ստեղծվել, որ, ըստ էության, այդ կոնֆլիկտները շատ կառավարելի են դարձել, և դրանից մեծ պատմություն պետք չէ սարքել և մեծ սպասումներ պետք չէ ունենալ: Պետք չէ սպասել, որ հանկարծ ռեժիմն ինքն իրեն խժռելու է:

Ամենդաժան նախադեպը, որ Հայաստանում ստեղծվեց, դա Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելու նախադեպն էր, որովհետև հիմա կասկածում եմ, որ որևէ գործարար կկարողանա բարևել ռադիկալ ընդդիմությանը: Այդպիսի խոշոր տրամաչափի գործարարի նկատմամբ նման նախադեպ ստեղծելը, արդեն նշանակում է, որ իշխանությունը կարգին վախեցրել է բոլորի աչքը: Եվ հետևաբար պետք չէ սպասել, որ ներսից ինչ-որ բունտեր են լինելու, ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են անելու»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ համաձայնեց, որ ռեսուրսները սահմանափակ են. «Ես այդ կրիմինալ խժդժությունների շարունակությունը կանխատեսում եմ առավել մեծ թափով: Այսինքն՝ մարդիկ են խփվելու՝ սկզբում խփվելու են երկրորդական դեմքերի մակարդակով, հետո սկսվելու են ավելի խոշոր միավորումների կռիվները, որովհետև այս ներքին և արտաքին փակվածության հետևանքով՝ ռեսուրսները սահմանափակվել են այն աստիճանի, որ ներկա պահին բոլորը պետք է հասկանան, որ եթե արտաքինից մենք ռեսուրսի ներհոսք չունենանք, մենք որևէ բան չենք կարող անել»:

Տեսանյութեր

Լրահոս