Մենք ուղիներ ենք փնտրում՝ Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայությունը վերականգնելու համար. Զանիեր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի կողմից պայմանագրերը ստորագրելը:

Բերուչաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Զանիերն իր հերթին ընդգծել է, որ իրենց մեծապես մտահոգում է այսպես կոչված սահմանները փակելը, ինչպես նաև լարափակոցներ անցկացնելը:

Զանիերը հավելել է, որ իրենք փնտրում են ուղիներ, որպեսզի ԵԱՀԿ-ի շրջանակներում վերականգնվի իրենց ներկայությունը՝ այդ հարցերի շուրջ ավելի լավ ու երկարաժամկետ աշխատանքներ իրականացնելու համար:

Զանիերը Վրաստան ժամանել է մարտի 8-ին, այցը կավարտվի մարտի 11-ին: Այցի շրջանակներում Զանիերը հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ը Վրաստանում իր առաքելությունը փակել է 2009 թվականի հունիսին՝ 2008 թվականի օգոստոսին գրանցված ռուս-վրացական պատերազմից և Ռուսաստանի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելուց հետո: Դրանից հետո կողմերը կոնսենսուսի չեկան ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս