«Ընդդիմության ընկալումը հանրության մեջ փետրվարի 20-ին այլ էր, հիմա այլ». Թևան Պողոսյան
«Ինչ-որ բաներ հստակ չէին հաշվարկվել ԲՀԿ-ի գործողությունների մեջ, իրավիճակի արագ փոփոխություն տեղի ունեցավ, այս դեպքում ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտություն կա, ևս մեկ փորձ պետք է արվի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան՝ ավելացնելով, որ ինքն անհատների անուններ տալու սովորություն չունի, և հարցին ինստիտուցիոնալ է մոտենում:
«Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն ճանաչեց, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի աշխատանքի արդյունքում, կհասկանանք՝ սա մոտեցո՞ւմ էր, թե՞ պարզապես հայտարարություն: Ի դեպ, այս կուսակցությունն ունի երիտասարդ ունակ թիմ»,- հայտնեց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, այս պահին անհրաժեշտ է իսկապես հզոր այլընտրանքային բևեռ, մյուս կողմից՝ փոփոխություն կա հասարակության գնահատականների մեջ. «Ուղղակի ընդդիմության ընկալումը հանրության մեջ փետրվարի 20-ին այլ էր, հիմա այլ, բայց մարդիկ կան, որոնք ԱԺ-ում են աշխատում, իրենց տեսակետներն են ներկայացնում, արտախորհրդարանական ուժեր ևս կան»:
Ինչ վերաբերում է եռյակի հետագա համագործակցությանը, Թևան Պողոսյանը նկատեց, որ հետագայում հնարավոր է նաև հնգյակ լինի. «Ապագան ցույց կտա, մինչև այդ հասարակությունն իր գնահատականները կտա»: