«Ես ընդունում եմ մեր պարտությունը, բայց իշխանության հաղթանակը չէր». Արմեն Մարտիրոսյան

«Այն, ինչ հիմա տեղի ունենում Հայաստանում, միանշանակ ընդդիմության պարտությունն էր, որովհետև Հայաստանում երբևիցե այսպիսի իրավիճակ չէր ստեղծվել, երբ հասարակության 95 %-ը ոչ միայն դեմ է իշխանությանը, այլև հասարակության այն մասը, որոնք անգամ 88-ին չէին մասնակցել, պատրաստ էին գալ հրապարակ»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հավաք-ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց, որ և՛ հասարակական աջակցությունը, և՛ քաղաքական լեգիտիմությունը, և՛ փորձը, և՛ վարչական, և՛ ֆինանսական կարողությունները և հնարավորությունները մեկտեղվեն, իրենք պարտություն կրեցին.

«Ես ընդունում եմ մեր պարտությունը, որ այս պահին իշխանափոխություն տեղի չունեցավ, բայց իշխանության հաղթանակը չէր, սա պետության պարտություն էր, որովհետև արդեն ակնհայտ դարձավ, որ այլևս իշխանություն պահելը գերագույն նպատակ է Հայաստանում, և էական չէ՝ ո՛չ պետական, ո՛չ հասարակական շահը, ո՛չ տվյալ պետության իմիջը և որևէ այլ բան: Իսկ իշխանություն պահելը մեկ նպատակ ունի՝ մի խումբ անձանց հարստացման գործիք լինելուն է ուղղված լինելու»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ այն, որ Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ այդ ճնշուներն այսօր տեղի ունեցան և ոչ թե սրանից 10 տարի առաջ, դա այն տարիների ընդդիմությունների պայքարի արդյունքն է եղել. «Այն, որ այսօր դա Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ եղավ, դա 2013 թվականի Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» պայքարի արդյունքն էր: Մենք բոլորս միշտ պայքարի մեջ ենք եղել, բայց մի բան էլ պետք է հիշեք՝ մինչև դուք՝ քաղաքացիներով չպայքարեք, որևէ բան չի փոխվելու:

Եթե իմ ընկեր Էդուարդ Շարմազանովը ցանկանում է, որ հետագա 7 տարվա ընթացքում ևս 300 հազար մարդ Հայաստանից բացակայի և իրենց այդ 10-ամյա հետագա կառավարման վերջում Հայաստանում 1 միլիոնից պակաս մարդ մնա, ես իրենց կարող եմ այդ արդյունքի համար շնորհավորել հիմիկվանից: Ընտրությունը նաև իրենցն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս