ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ԼՂ-ի խնդրի վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Իրավիճակը մնում է անկայուն: Տարեսկզբից նկատված սրացումից հետո՝ փետրվարի երկրորդ կեսին, վրա է հասել որոշակի անդորր: Դա սույն թվականի փետրվարի 20-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրշիկի խմբի իրականացրած դիտարկման ժամանակ ընդունել են կողմերի ներկայացուցիչները:
Սակայն վերջին տվյալները, որոնք ստացվել են մարտի առաջին օրերին, վկայում են հրադադարի ռեժիմի խախտումների հերթական բռնկման մասին: Դժբախտաբար, կան զոհեր: Երեկ Ա. Կասպրշիկը դիտարկում է անցկացրել շփման գծում: Պատրաստվելու է համապատասխան զեկույց: Կարծում եմ, որ գործերի վիճակի մասին առավել մանրակրկիտ տեղեկություններ կարելի է ստանալ ԵԱՀԿ-ի դիտարկումից:
Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ այնպիսի գործողությունները, որոնք կհանգեցնեն լարվածության հետագա աճին, հավատարիմ գտնվել հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն, ինչպես որ այդ մասին հայտարարվել է 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած գագաթաժողովում»: