Սոցիոլոգը հրաժարվեց ասել՝ ինչքան է ՀՀ նախագահի IQ-ն
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, որը մեզնից պահանջում է ունենալ ռեֆլեքսիվ մտածողություն և բարձր մտավոր ունակության գործակից՝ IQ: Նաև հայտարարեց, թե այն երկիրը, որը հասնում է բարձր IQ-ի, այդ երկրում մարդիկ ավելի երջանիկ, հարուստ և առողջ են:
Լրագրողները Ա. Ադիբեկյանից հետաքրքրվեցին՝ Հայաստանում մարդկանց IQ-ն ի՞նչ մակարդակի վրա է: Սոցիոլոգը պատասխանեց, թե իրենց տվյալներով՝ ամենբարձր IQ ունեն պոլիտեխնիկական ինտիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողները՝ 117.
«Հրեաների այդ դասն ունի 130: Հայաստանի կառավարությունն ունի՝ 94, համալսարանն ունի 92, մեխանիկական ֆակուլտետն ունի 96: Արտաշատի դպրոցներից մեկում մի հատ 8-րդ դասարանի տղա ուներ՝ 124: Ասի, տղա ջան, ի՞նչ ես ուսում դառնաս, ասում է՝ «քեռիս ասեց, որ լավ սովորեմ՝ դզող-փչող»: Ասացի՝ քեռուդ ասա, հենց հիմա քեզ կարող է տանի պոլիտեխնիկ»:
Սոցիոլոգի խոսքով՝ հայերը տարածաշրջանում ունեն ամենաբարձր IQ-ն. «Մենք Ղարաբաղյան պատերազմում հաղթել ենք, որովհետև մեր IQ-ն ադրբեջանցիներից բավականին բարձր է: Մեր IQ-ն վրացիներից էլ է բարձր, IQ-ն է պատերազմում հաղթում, փող ստեղծում: Տարածաշրջանում մենք ունենք ամենաբարձր IQ-ն»:
Հարցին՝ միայն Դուք եք IQ հաշվո՞ւմ՝ Հայաստանում, սոցիոլոգը պատասխանեց՝ երևի. «65 հազար հայ եմ թեստավորել և IQ-ն որոշել եմ՝ սկսած 5 տարեկան երեխայից՝ մինչև նախագահ»: Հարցին, թե՝ նախագահի IQ-ն ինչքա՞ն է, նա պատասխանեց՝ չեմ ասի»: