Եթե ՀՀ-ում ցանկանում են տեսնել` ինչ կլինի ՀՀ-ում ապագայում, թող ուշադիր հետևեն Նեմցովի սպանությանն ու ՌԴ իշխանությունների բռնաճնշումներին. Ալեքսանդր Պոդրաբինեկ

«Հայաստանում ուշադիր պետք է հետևեն ռուսաստանյան զարգացումներին՝ դասեր քաղելու նպատակով, քանի դեռ ուշ չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խորհրդային այլախոհ և քաղբանտարկյալ, ռուս իրավապաշտպան, հրապարակախոս, ներկայում՝ Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) թղթակից Ալեքսանդր Պոդրաբինեկը` անդրադառնալով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն ու այն դասերին, որոնք պետք է քաղեն հետխորհրդային երկրները, որոնք իրենց «ճակատագիրը» Ռուսաստանի ներկայիս իշխանությունների հետ են կապել:

Նրա համոզմամբ՝ Նեմցովի սպանության գլխավոր շահագրգիռ, հետաքրքրված կողմը ՌԴ իշխանություններն են: «Ամեն ինչ մեզ համար ավելի քան պարզ է. Նեմցովն ակտիվ ընդդիմադիր գործիչ էր, իշխանությունը չգիտեր` ինչպես նրա հետ վարվել, ինչպես նրան զսպել, ուստի որոշեց հաշվեհարդար տեսնել նման դաժան կերպով»,- ընդգծեց Պոդրաբինեկը:

Նա ողորմելի և խղճուկ է համարում ՌԴ իշխանությունների՝ Նեմցովին՝ որպես Արևմուտքի «ծիսական զոհ» ներկայացնելու փորձերը: Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը շատ խղճուկ փորձերի միջոցով ջանում է կասկածները ցրել: «Կարելի է հնարել բազում վարկածներ, կարելի է նաև իրատեսական վարկածներ հորինել, թեև այդ վարկածը հնարավոր չէ դասել իրատեսականների շարքին, բայց էականն այն է, որ սպանության պատճառները միմիայն քաղաքական են, դա սադրանք չէ, դա հաշվեհարդար է, իշխանությունների հաշվեհարդարն ընդդիմադիր գործչի հետ: Ռուսաստանի պատմության մեջ նման նախադեպերը, ցավոք սրտի, շատ են»,- ասաց ռուս ընդդիմադիր գործիչը:

Podrabinek (2)Պոդրաբինեկն այն համոզմանն է, որ այս սպանությամբ իշխանությունների նպատակը միայն կայանալիք «Գարուն» հակաճգնաժամային երթը խոչընդոտելը չէր, քանի որ Նեմցովի սպանությունն ավելի գլոբալ պատճառներ ուներ: Ըստ նրա` Նեմցովը տարիներ շարունակ «ոսկոր» էր Պուտինի կոկորդին՝ իր ընդդիմադիր գործունեությամբ, նա այն գործիչն էր, որին հարգում էին շատ-շատերը, և երեկ Մոսկվայում կայացած բազմահազարանոց սգո երթն այդ վերաբերմունքի վառ ապացույցն էր:

Հրապարակախոս Ալեքսանդր Պոդրաբինեկի կարծիքով՝ ՌԴ-ում պետք է փոխվեն իշխանությունները, այլապես երկրում ստեղծված անհանդուրժողական մթնոլորտն իշխանությունների անհանդուրժողականության հետևանքով է՛լ ավելի է սրվելու և հանգեցնելու նման ցավալի կորուստների: Ըստ նրա` Հայաստանը և ՀՀ իշխանությունները ևս մտածելու շատ հարցեր ունեն: «Եթե Հայաստանը կապել է իր ապագա ուղին Ռուսաստանի հետ, նշանակում է, որ չի հարգում և չի ցանկանում պահպանել իր անկախությունն ու ինքնիշխանությունը: Այնինչ դրան ավելի լուրջ պետք է վերաբերվել, պետք է դողալ դրա վրա: Եթե Հայաստանում ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի երկրի հետ ապագայում Ռուսաստանի հետ գործակցության պայմաններում՝ ԵՏՄ կազմում գտնվելով, պետք է պարզապես հետևեն ռուսաստանյան իրականությանն ու զարգացումներին, ՌԴ գործող իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումների մեքենային, սպանություններին, որոնք իրականացվում են Մոսկվայում»,- ասաց Պոդրաբինեկը: Նրա համոզմամբ` Հայաստանը եվրոպական երկիր է և պետք է փորձի ազատագրվել ՌԴ ներկայիս իշխանությունների պարտադրած «կապանքներից»:

Հիշեցնենք, որ ուրբաթ ուշ երեկոյան Մոսկվայի սրտում` Կրեմլի հարևանությամբ, սպանվեց առաջատար, հեղինակավոր ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ում մահը ցնցեց ողջ աշխարհը: ՌԴ մերձիշխանական փորձագետները պնդում են, որ Նեմցովի սպանությունն ամենևին ձեռնտու չէր ՌԴ ներկայիս իշխանություններին, քանի որ նա վտանգ չէր ներկայացնում Պուտինի ռեժիմի համար, այնինչ բոլոր փորձագետները, նախկին պաշտոնյաները Նեմցովի սպանության առաջին պատասխանատուն ՌԴ իշխանություններին են համարում:

Տեսանյութեր

Լրահոս