Նա զոհվեց այն օրը, երբ որդին լույս աշխարհ եկավ
aparaj.am-ը գրում է. Արծրունին բոլորի պես երազանքներ ուներ. ցանկանում էր որդի ունենալ, ցանկանում էր, որ պատերազմն ավարտվի ու իր որդին ապրի ազատագրված Արցախում: Նրա երազանքները մասամբ պիտի իրագործվեին. 5 տարվա սպասումից հետո պիտի ծնվեր Մերուժան որդին, պատերազմը պիտի հաղթանակ ծներ, սակայն ինքը կոչված չէր այդ ամենը տեսնելու, քանզի ինքնաշեն նռնակի պայթյունը խլելու էր մատաղ կյանքը, իսկ այդ նույն օրը, գու՞ցե եւ նույն ժամին, կինը՝ Զարինեն, Ստեփանակերտի ծննդատանը պիտի որդի ծներ:
Արծրունին չհասցրեց ճաշակել հայր դառնալու ուրախությունը: Մահ եւ ծնունդ, կորոստի ցավ եւ վիրավոր ուրախություն…Անավարտ երազանք…Պատերազմի դաժան օրենքներ…Մանկան առաջին ճիչ, որ նաեւ բողոք էր…
Տարիներ են անցել, բայց ամեն տարվա ապրիլի 13-ին Շինդյանների տանը ուրախությունն ու տխրությունն անբաժան են: Սկզբում բարձրացվում է Արծրունու անմահության կենացը, ապա՝ որդու՝ Մերուժանի ծննդյան բարեմաղթանքը: Ամեն տարի այդ օրը Զարինեի աչքերում սառում է արտասուքը: Երբ նայում է պատից կախած ամուսնու լուսանկարին, սիրտը լացում է: Երբ նայում է որդու սլացիկ հասակին, զսպում է լացը եւ փորձում տուրք չտալ տխրությանը:
Այս տարիները Զարինեի համար պայքարի տարիներ էին, նա փորձեց ցամաք աչքերով մեծացնել որդուն, որպեսզի որդին չընկճվի մոր վշտից, լուռ ու անխռով տարավ իր բաժին ցավը եւ սրտի ողջ սերը նվիրեց մինուճարին…
Արծրունի Շինդյանի ծննդավայրն Աշան գյուղն է: Գյուղում մեծացել եւ կրթություն է առել: 1979-ին տեղափոխվել է Աշխաբադ, սովորել տեղի պրոֆտեխուսումնարանում: Միաժամանակ նաեւ վարսավիրի դասընթացների էր հաճախում: Խորհրդային բանակի շարքերում ծառայությունն ավարտելուց հետո նորից վերադարձել է Աշխաբադ, աշխատանքի ընդունվել քաղաքի վարսավիրանոցներից մեկում:
1987 թվականի սեպտեմբերին Արծրունին վերդառնում է հայրենի գյուղ: Նույն ամսում Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում ծանոթանում է ապագա կնոջ՝ Զարինեի հետ, ով հիվանդանոցում բուժքույր էր աշխատում: Մեկ ամիս անց նրանք ամուսնանում են:
Մինչ Արցախյան պատերազմի սկսվելը Արծրունին ու Զարինեն ապրում էին Աշխաբադում: 5 տարի էր,ինչ ամուսնացել էին, բայց զավակ չունեին: Եվ ահա մի օր Զարինեն հայրանալու երջանիկ լուրը ավետեց ամուսնուն: Այդ տարիներին Արցախում արդեն սկսվել էին քաղաքական խմորումները, ժողովուրդը ոտքի էր կանգնել,պայքարի կոչեր էին հնչում, պատերազմն անխուսափելի բնույթ էր ստանում: Ծննդավայրից եկող լուրերը անտարբեր չէին կարող թողնել Արծրունուն:
Կնոջ հետ շտապեց Արցախ, հայրենի Աշան գյուղ, որտեղ ապրում էին ծնողներն ու հարազատները: Զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը: Գյուղում կամավորկան ջոկատ էր ձևավորվել Արմեն Ավագյանի գլխավորությամբ: Արծրունին միացավ նրանց: Զարինեն պատմում է .
«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»,- կինը նայում է պատի լուսանկարին, հուզմունքը զսպելն անհնար է դառնում:
«Շատ էր սպասում որդու ծննդյանը, ասում էր՝ պատերազմն ավարտվի,կմնանք գյուղում,տուն կկառուցենք, ուզում եմ , որ զավակներս այստեղ ապրեն…»:
Զարինեն հիշում է, որ հայտնի Կոլցո օպերացիայի ժամանակ շատերի հետ ձեռբակալվեց նաեւ ամուսինը, տարան Շաղբուլաղի բանտ: Մեկ ամիս անց մի կերպ հնար գտան ազատելու: «Նրան վիճակված չէր տեսնել իր երազած հաղթանակը, բայց նա էլ մի մասնիկն է այդ հաղթանակի, որին հասանք մեր ազգային միասնությամբ: Հիմա մեզ ամենից շատ այդ հաղթանակը պահել-պահպանել է պետք, մեր ազգային միասնությունը չպետք է խաթարվի…»,-ասում է Զարինեն:
Արծրունի Շինդյանը զոհվել է 1992 թվականի ապրիլի 13-ին: Նա Աշան գյուղի առաջին զոհն էր: Ապրել է ընդամենը 28 գարուն, թողել՝ անավարտ մի երազանք եւ մի պայծառ անուն…
«Որդիս մի օր ասաց՝ մամ, հարսնացու ունեմ: Ուրախացա, հարցրի՝ ո՞վ է, ասաց՝ անունը Ռոզա է, նա էլ հայր չունի, զոհվել է պատերազմում: Սիրտս մղկտաց, զսպեցի արցունքս ու ասացի՝ իրար թիկունք կլինեք, տղաս, դուք իրար սիրտ լավ կհասկանաք…»,- պատմում է եւ ուրախությամբ նշում, որ այս տարի պատրաստվում է ամուսնացնել որդուն: «Ռոզան լավ աղջիկ է, Արծրունին կհավաներ հաստատ»,-ասում է:
Այսօր Զարինեն որդու հետ ապրում է Ստեփանակերտում, աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ որպես բուժքույր:
Փետրվարի 25-ին Արծրունին կդառնար 51 տարեկան: Նրա չապրած տարիներում շատ են չապրած ուրախությունները, չապրած երազանքները, բայց նրա աչքերի ժպիտը կշարունակի ապրել որդու՝ Մերուժանի աչքերում…
Հերմինե ԱՎԱԳՅԱՆ