Քննչական կոմիտեն պատասխանել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցչի միջնորդությանը

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը երեկ երեկոյան ստացել է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանն իր ներկայացրած միջնորդության վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում փաստաբանը տեղեկացերց, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

«Այնպես չէ, որ սա մեզ բավարարում է: Որպես իրավաբան՝ որոշակի առումով կարող եմ ընդունել, որ դրան ուղղված գործողությունները, որոնք պետք է կատարվեին այն քրեական գործով, հենց այս քրեական գործով էլ կարող են կատարվել: Բայց այս քրեական գործի համար սրանք որոշակիորեն ավելի երկրորդական են՝ չնայած, միանշանակ, պետք է արվեն: Բայց եթե հարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով, դրան անմիջականորեն ուղղված գործողություններ պետք է կատարվեին՝ պարզաբանելու համար, թե որտեղ, երբ, ում կողմից, ինչ հանգամանքներում է հայտնաբերվել Պերմյակովը, ինչ իրադարձություններ են նախորդել դրան: Գտնում եմ, որ պարտադիր պետք է գործ հարուցվեր, ինչը կնպաստեր մեր դիրքերի ամրապնդմանն այն առումով, որ առավել մեծ երաշխիքներ ունենայինք Պերմյակովին կամ քրեական գործի վարույթը պահանջելու առումով: Կախված հետագա գործողություններից՝ այս հարցին կանդրադառնանք նաև հետագա փուլերում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս