Բաժիններ՝

Երիտասարդ զույգը ցանկանում է, որ իրենց քայլը վարակիչ լինի

Գրեթե երկու տարի առաջ սոցցանցերում բավականին մեծ արձագանք գտավ երիտասարդ մի զույգի ամուսնության պատմությունը: Այդ զույգը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանզի ամուսնանալուց անմիջապես հետո նրանք պատրաստվում էին մշտական բնակություն հաստատել Արցախի գողտրիկ վայրերից մեկում՝ Քարվաճառում:

Մասնագիտությամբ լրագրող Թամարա Գրիգորյանը, ով ծնունդով Վանաձորից է եւ պատմաբան Դավիթ Եղիազարյան, ով Երեւանից է, ինչպես իրենք են պատմում, պատահական հանդիպել են Երեւանում կազմակերպված Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերի մասին դասընթացների ժամանակ:

«Համալսարանում ուսանելու առաջին իսկ տարիներից, մասնագիտության բերումով, պարբերաբար առնչվել եմ Արցախի հիմնախնդրին, Արցախի ազատագրված տարածքների թեմային: Երրորդ կուրսում էի սովորում, երբ մի քանի դասախոսություն լսեցի Արցախի ազատագրված տարածքների ռազմավարական կարեւորության եւ այն մասին, թե որքան թերբնակեցված են այդ տարածքները: Հենց այդ ժամանակ ինձ մոտ միտք հղացավ ապրել Արցախի ազատագրված որևէ տարածքում:

484736_10151613580893675_1905217619_n

Ինձ անչափ դուր եկան Քարվաճառի մասին պատմող լուսանկարները: Այդ լուսանկարներն ինձ մոտ վերածննդի, նոր էջից ինչ-որ բան ստեղծելու զգացողություններ արթնացրեցին: Ու հենց այդ ժամանակ ես հասկացա, որ այնտեղ անելիքները շատ են, այնտեղ իմ կարիքը կա: Բնականաբար, այդ ժամանակ դա ընդամենը երազանք էր:

Հետո, երբ սկսեցի Դավիթի հետ ընկերություն անել, պարզվեց, որ Դավիթն էլ նման երազանք ունի եւ չէր պատկերացնում, որ այն կարող է մի օր իրականություն դառնալ: Դավիթը պատմաբան է եւ ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը: Մի օր` 2011-ին, երբ մենք հյուր եկանք Քարվաճառ, այցելեցինք Քանանյան Ալեքսանդրի տուն, հենց այդ ժամանակ հստակ որոշեցինք, որ պետք է ապրենք Քարվաճառում»:

Թամարի խոսքերով՝ քանի որ վերջին տարիներին Քարվաճառում վերաբնակեցման ծրագիր չկա եւ նոր տներ չեն կառուցվում, բնականաբար, զույգը սկսում է մտածել սեփական միջոցներով տուն կառուցելու մասին. «Երբ 2012 թվականին նորից Դավիթի հետ այցելեցինք Քարվաճառ, պարզվեց, որ Քարվաճառի դպրոցում պատմության ուսուցչի կարիք կա, եւ Դավիթը որոշեց աշխատանքի ընդունվել դպրոցում: Դպրոցում Դավիթի աշխատանքի ընդունվելու հանգամանքն ասես Աստծո կամոք էր, եւ մենք որոշեցինք չհետաձգել մեր տեղափոխվելը»:

DSC_0637

Պսակադրությունից 3 օր հետո զույգը տեղափոխվում է Քարվաճառ՝ մշտական բնակության.

«Սկզբում ապրում էինք Ալեքսի տանը, որից հետո մեզ համար ընտրեցինք ավերակ եւ սկսեցինք կառուցել մեր տունը,- ջերմ ժպիտով պատմում է Թամարան,- մեր տան կառուցման համար որոշ անհատների կողմից եղել են օժանդակություններ, ինչը բավական չէր ամբողջ տունը կառուցելու համար: Մենք մեր գումարներն ենք ներդրել եւ հիմա էլ շարունակում ենք ներդնել, որովհետեւ մեր տան շինարարությունն ավարտին հասցնելու համար դեռ բավականին գործեր կան: Այսօր տանիք ունենք, պատերը կան, մնում է ներքին հարդարման գործերը եւ այդքանը բավական է, որ մենք մեր կյանքը սկսենք մեր նորակառույց տանը»:

Թամարի եւ Դավիթի ծնողները հենց սկզբում լուրջ չեն վերաբերել՝ տեղեկանալով, որ իրնեց զավակները Քարվաճառ տեղափոխվելու ցանկություն ունեն.

«Իմ եւ Դավիթի ծնողները շատ վատ ընդունեցին մեր Արցախ տեղափոխվելու որոշումը,-հիշելով արդեն անցյալում մնացած օրերը՝ պատմում է Թամարան,- սկզբում չէին հավատում, հույս ունեին, որ չենք գա, հետո հույս ունեին, որ չենք դիմանա: Չեմ կարող ասել, թե մինչեւ հիմա հաշտվել են մեր որոշման հետ, բայց հիմա նրանց վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ է:

DSC_0783

Մեր ծնողները չէին պատկերացնում, թե մենք ուր ենք գնում, նրանց ամենից շատ այդ անորոշությունն էր անհանգստացնում: Այսօր Հայաստանում շատ քչերը գիտեն Քարվաճառի մասին: Դա նրանց համար մի անորոշ աշխարհ է: Ես կարծում եմ, որ եթե մեր ծնողներն հասկանային այս տարածքների կարեւորությունը, երեւի նման ռեակցիա չէին ունենա: Իսկ հետո ավելի հանգստացան: Մորս գերել է Քարվաճառի բնությունը, նա խոստացել է այս գարնանը գալ եւ օգնել մեզ հող մշակելու գործերում»:

Թամարա Գրիգորյանը մինչ Քարվաճառ տեղափոխվելն աշխատում էր Times.am լրատվական կայքում, իսկ Քարվաճառ տեղափոխվելուց հետո նույն լրատվական կայքում նյութեր է հրապարակում Քարվաճառի մասին: Միաժամանակ թղթակցում է «Նոր Շահումյան» թերթին եւ Արցախի հանրային ռադիոյին: Սակայն իր հիմնական աշխատանքն է համարում Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում աշխատանքը, որտեղ երեխաներին ուսուցանում է անգլերեն:

«Քարվաճառ տեղափոխվելով՝ շատ բան փոխվեց իմ կյանքում: Քարվաճառում կյանքի տեմպը շատ դանդաղ է: Ես չեմ կարող համեմատել Քարվաճառն ու Երեւանը , դրանք կարծես տարբեր աշխարհներ լինեն: Քարվաճառում ես շատ բան սովորեցի: Առաջինը սովորեցի համբերել, սովորեցի ինքնուրույն շատ բաներ անել, այստեղ կարող է խանութը մի օր փակ լինի եւ դու ստիպված պետք է հաց թխես:

DSC_0789

Սովորեցի փայտ կտրել եւ նման շատ բաներ: Ակամայից սովորեցի ցանկացած իրավիճակում կարողանալ ինքնուրույն դուրս գալ, ինչը շատ կարեւոր է: Ինձ դուր է գալիս, որ առանց զգուշացնելու կարող են քո տուն հյուրեր գալ, Երեւանում նման բան չէր լինում: Այստեղ մարդիկ իրար հետ կապված են եւ բոլորը հնարավորինս իրար օգնում են:

Հիմա ավելի շատ շփվում եմ երեխաների հետ: Ես նրանց եմ շատ սիրում, նրանք էլ՝ ինձ: Ես ինձ Քարվաճառում օտար չեմ զգում: Քարվաճառն իմն եմ համարում, Քարվաճառի հոգսերն էլ են իմը»:

Իսկ բոլոր այն երիտասարդ զույգերին, ովքեր ցանկանում են գալ եւ բնակություն հաստատել Արցախում, Թամարան խորհուրդ է տալիս անպայման գան Քարվաճառ, որովհետեւ Քարվաճառում իրենց կարիքը կա: «Այն երիտասարդ զույգերը, ովքեր ցանկանում են բնակություն հաստատել Քարվաճառում, խորհուրդ եմ տալիս, որ լավ գիտակցեն, թե ու՞ր են գնում եւ ինչու՞:

Եթե մինչ իրենց այստեղ գալն իրենք լավ չեն կշռադատել իրենց այդ որոշումը, ապա նրանք այստեղ պարզապես չեն դիմանա: Երբ կա գիտակցում, ցանկացած դժվարություն շատ հեշտ է թվում: Ամենակարեւորը՝ շատ լավ գիտակցեն, հաշվարկեն ու նոր գան»:

Թամարայի խոսքերով՝ երբեմն եղել են հուսահատության պահեր. «Եթե երբեւէ ունեցել եմ հուսահատության պահեր, ինչը յուրաքանչյուրի հետ լինում է, երեխաների հետ շփվելուց, նրանց հետ պարապմունք անցկացնելուց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում,- պատմում է Թամարան եւ մեծ ոգեւորությամբ նշում, որ իրենց ընկերներից շատերն են ոգեւորվել Քարվաճառ տեղափոխվելու հանգամանքով եւ ցանկություն են հայտնել նույնպես տեղափոխվել Քարվաճառ,-երբ մենք դեռ նոր էինք տեղափոխվել, ընկերուհիներիցս մեկն էլ եկավ ու մեկ տարի Մանաշիդ գյուղում անգլերեն դասավանդեց:

10645202_10201421369174759_2922754253632234492_n

Հետո վերադարձավ Երեւան, ստացավ ավարտական վկայական ու քանի որ նրա սիրտը Քարվաճառում էր, վերադարձավ եւ Դադիվանք գյուղի դպրոցում 1 տարի անգլերեն դասավանդեց: Ճիշտ է՝ հիմա նա Երեւանում է, բայց, կարծում եմ, կվեադառնա ու կմնա Քարվաճառում»:

Ամբողջ զրույցի ընթացքում Դավիթը համեստորեն լռում էր: Նա միայն նշեց, որ Քարվաճառ պետք է գան խելացի ու բանիմաց մարդիկ, քանզի ազատագրված հայրենիքին նման մարդիկ են պետք: Ի դեպ, բացի այն, որ Դավիթը դպրոցում դասավանդում է պատմություն, նա նաեւ Քարվաճառի բնակիչներին օգնում է եւ վերանորոգում է նրանց համակարգիչները:

Զույգը շատ ծրագրեր ունի, ոչնչից չեն դժգոհում: Իրենց հաշվարկներով, սեփական աշխատավարձը հավաքելով՝ մի քանի տարիների ընթացքում ծրագրում են տան պատերը սվաղել: Գրեթե երկու տունը հատակ չունի, բայց ամենակարեւորը Դավիթի եւ Թամարի շնորհիվ Քարվաճառի ավերակներից մեկը վերականգնվել է:

Երիտասարդ զույգի ներկայիս երազանքը ոչ թե շուտափույթ միջոցներ հայթայթելն ու իրենց սեփական տան վերանորոգումն է, այլ՝ գտնել մասնագետներ եւ միջոցներ, որպեսզի Քարվաճառում զբոսայգի կառուցվի:

«Մենք մեր ապագան Քարվաճառում ենք տեսնում եւ ուզում ենք մեր քայլը վարակիչ լինի»,-սա էր երիտասարդ զույգի խոսքը, որը նաեւ պատգամ է:

Անի ԱԶԱՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս