Ջեբ Բուշը հրապարակել է արտաքին քաղաքականության հարցերով իր փորձագետների ցուցակը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Ջեբ Բուշը հրապարակել է արտաքին քաղաքականության հարցերով իր փորձագետների ցուցակը: Դրանում տեղ գտած 21 անձանցից 19-ն ավելի վաղ աշխատել են Սպիտակ տան՝ Ջորջ Բուշ-ավագի կամ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակարգերում:
Օրինակ, ցուցակում ընդգրկվել է Փոլ Վուլֆովիցը (կան բազմաթիվ վկայություններ, որ 2002 թվականի նոյեմբերից Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ամերիկյան մշակում է, և որ դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է – 168.am)։ Պենտագոնի ղեկավարի տեղակալ աշխատելիս նա դարձել է 2003 թվականին Իրաք ներխուժելու գլխավոր նախաձեռնողը:
Թիմում ընդգրկվել են նաև Ջոն Հանը, Դիք Չեյնին, Ջեյմս Բեյքերը: Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հարկադրված է արագորեն մեծացնել իր հեղինակությունն արտաքին քաղաքական հարցերում: Նա փորձում է ցույց տալ այդ ոլորտում իր խորը և օրիգինալ հայացքը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ջեբ Բուշն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել էր արտաքին քաղաքական ոլորտում անվճռականություն ցուցաբերելու մեջ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է վերականգնի առաջատարի իր դիրքերն աշխարհում: