ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը. Նուլանդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին նրա ձգտմանը:

Իր մեկօրյա վրացական այցի շրջանակներում Նուլանդն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու ու վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ և ներկայումս բանակցում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Գարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում է Վրաստանի ընթացիկ ժողովրդավարական գործընթացներին, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացին, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայատարարության մեջ նշված է. «Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու Վրաստանի պաշտպանունակության բարձրացման հարցը:

Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը: Նրա խոսքերով՝ Վրաստանն անելու է ամեն բան՝ խորացնելու համար թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները»:

Նուլանդի հետ հանդիպումից հետո Գարիբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել ու խորացնել Վրաստանի հետ քաղաքական ու տնտեսական երկխոսությունը: Նուլանդը Վրաստան է ժամանել Ադրբեջանից և Վրաստանից էլ կմեկնի Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս