Բաժիններ՝

Արտակ Խաչատրյան. «Երբ բացահայտվի հանցագործությունը, ով էլ լինի՝ պետք է պատասխան տա»

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը իրեն առևանգելուց և ծեծի ենթարկելուց հետո այսօր առաջին անգամ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց այդ միջադեպի մասին։ Նա նշեց, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս երկար խոսել։ Արտակ շնորհակալություն հայտնեց ժողովրդին և այն մարդկանց ովքեր այս ընթացքում իրեն աջակցել են։ «Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»։

Արտակը նշեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է և պահանջատեր։ Նա ակնկալում է իրավապահ մարմիններնց գործի շուտափույթ բացահայտում։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն վարկածին, որ հանցագործության հետևում կանգնած է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը, նա նշեց, որ ոչինչ չի կարող ասել դրա հետ կապված, որ ենթադրությունների մակարդակով խոսելը լուրջ չի համարում։ «Երբ բացահայտվի հանցագործությունը, ով էլ լինի՝ պետք է պատասխան տա՝ անկախ ամեն ինչից»։

Նա կոչ արեց այս քրեական հանցագործությունը չխառնել այսօրվա ներքաղաքական զարգացումների հետ։ Արտակի սուբյեկտիվ կարծիքով հանցագործությունը բացառապես կապված է իր հասարակական գործունեության հետ։ Նրա խոսքով՝ ինքը այլ խնդիրներ չի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս