Իվանիշվիլին կա՛մ պետք է վերադառնա իշխանության, կա՛մ էլ պետք է ընդհանրապես հեռացվի իշխանությունից. Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան վստահություն է հայտնել, որ իր կուսակցությունը խորհրդարանական հաջորդ ընտրություններում հաղթելու է «դե-ֆակտո վարչապետ» Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» իշխող դաշինքին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իշխող դաշինքը լքել է նախորդ տարվա աշնանը՝ Ալասանիայի պաշտոնանկությունից հետո, ինչին նախորդել էին նրա ղեկավարած գերատեսչության մեկ նախկին և չորս գործող աշխատակիցների ձերբակալությունները, որոնք մեղադրվել են միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Ալասանիան հայտարարել է, որ այդ ձերբակալություններն իրականացվել են քաղաքական դրդապատճառներով և ուղղված են եղել իր դեմ: Ալասանիան հավելել է, որ այդ գործը կազմակերպել է «դե-ֆակտո վարչապետ» Բիձինա Իվանիշվիլին, ով տեղյակ է, որ այդ անձինք անմեղ են.
«Այսօր հինգ անմեղ մարդ Բիձինա Իվանիշվիլու մոտ գործնականում գտնվում է գերության մեջ: Իվանիշվիլու ոչ պաշտոնական կառավարումն անարդյունավետ է դարձնում կառավարության ընդունած որոշումները խնդիրների հաղթահարման տեսանկյունից, այդ թվում նաև տնտեսական, ուր իրավիճակը վատթարանում է օրեցօր:
Իվանիշվիլին կա՛մ պետք է վերադառնա իշխանության ու պատասխանատվություն ստանձնի մինչև ընտրություններ, կա՛մ էլ պետք է ընդհանրապես հեռացվի իշխանությունից:
Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե Վրաստանում մենեջմենթի ինչ մշակույթ է ներդրել ու հաստատել դե-ֆակտո վարչապետ Իվանիշվիլին: Դա բնականաբար շատ մեծ սպառնալիք է մեր երկրի իմիջի համար, մեր երկրի ապագայի համար»: