Իսպանիայի թագավորն իր աշխատավարձը կրճատել է 20 տոկոսով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը որոշել է 20 տոկոսով կրճատել իր իսկ աշխատավարձը՝ համեմատած իր հոր՝ Խուան Կառլոսի ստացած աշխատավարձի հետ: Այն կազմելու է տարեկան 234.000 եվրո (առանց հարկերը հանելու), ինչը 58.000 եվրոյով զիջում է նախորդ միապետի աշխատավարձին:
Այս մասին հայտնել է Իսպանիայի թագավորի աշխատակազմը: Քանի որ թագավորական ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերը կախված են թագավորի աշխատավարձից, ուստիև դրանք նույնպես կրճատվելու են: Այդպիսով, Խուան Կառլոսն այս տարի կստանա 36 տոկոսով ավելի քիչ գումար, քան՝ նախորդ տարի:
Թագուհի Լետիսիայի աշխատավարձը կրճատվելու է 26 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում թագավորական ընտանիքի ու նրա աշխատակազմի համար պետբյուջեից հատկացվելու է գրեթե 7.8 միլիոն եվրո, ինչը կհամապատասխանի նախորդ տարվա ցուցանիշին:
Թագավորական ընտանիքի անդամների աշխատավարձերի կրճատումից գոյացած գումարները կուղղվեն թագավորական նստավայրի համար տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրմանը: